Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները կավելանան 450 հազար դրամով:
Երևանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը: Նա նշեց, որ այդ հատկացումները կուղղվեն ամառային զորակոչի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած թվով 3 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կնվազեցվի 14 միլիարդ 235 միլիոն 848 հազար դրամով, որը արդեն ըստ պետական հատվածի ավելացման կամ կրճատման նպատակայնության կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում:
«Հաշվի առնելով ընթացիկ տարում «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ աշխատանքների իրականացման» ծրագրի կատարման ընթացքը՝ ծրագրի կատարման բյուջեն կնվազեցվի 1,008,205.3 հազար դրամով, իսկ «Եվրոպական միությունը Երևանի արևային համայնքի համար» դրամաշնորհային ծրագրի կատարման և եզրափակման արդյունքներով բյուջեն կնվազեցվի 58,531.7 հազար դրամով»,-ասաց նա:
Արևշատյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է նաև 29,081.6 հազար դրամի չափով եկամուտների ավելացում «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» ծրագրում, ինչը պայմանավորված է Երևանի ենթակայության թվով 3 թանգարաններում մուտքի վճարների կանխատեսվող ցուցանիշներից ավել հավաքագրմամբ, ինչը կապված է նաև տոմսերի գնի ավելացման հետ, ինչպես նաև նույն գումարի չափով համապատասխան փոփոխություն ծախսային մասում։