Էջմիածնի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ներառված է 8 հարց։ Օրակարգում է նաև Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը։

Ավագանու 14 անդամները գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի թիմի անդամներն են, իսկ նրանցից մեկը Արման Գրիգորյանն է՝ գեներալի մյուս որդին։

 

«Պատվավոր քաղաքացի շնորհելը կամ դրանից զրկելը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Հարցը, կարծում եմ՝ բացառապես բարոյական հարթության մեջ է: Այստեղ դիտարկվում է նաև հանրային կարծիքը»,- ասաց Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Նա Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու վերաբերյալ հարցում է արել իր ֆեյսբուքյան էջում, որով պայմանավորված էլ հարցը ներառել է ավագանու նիստում, որպեսզի ավագանին իր գնահատականը տա հարցին։

«Մենք չենք քննարկում հերոսի կոչումը: Դա այլ գործընթաց է և կապված է պատերազմական գործողությունների հետ։ Խնդիրը քաղաքի պատվավոր քաղաքացի լինելն է, որը ենթադրում է  քաղաքի համար լավ կամ վատ գործ անելը։ Այս պահին,  հաշվի առնելով իրադարձությունները՝ ես և մեծամասնությունը կարծում ենք՝ մենք խնդիր ունենք բնակչության՝ Մանվել Գրիգորյանին որպես Էջմիածնի քաղաքացի ընկալման հետ»,-ասաց Գասպարյանը։

Էջմիածնի ավագանին միաձայն կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: