Այն, որ երկրում առկա ու օրեցօր բարգավաճող ամենակուլ կոռուպցիայի՝ հովանավորչության, կաշառակերության, խորքային անարդարության և այլ բացասական երևույթների դրսևորման առումով հանրապետությունում անզուգական վայրերից մեկն էլ արդեն երկար տարիներ ի վեր հանդիսանում է Երևանի պետական համալսարանը, ոչ ոքի համար առանձնապես գաղտնիք չէ. չկա գեթ մեկ հասարակական պախարակելի երևույթ, որն իր յուրատեսակ արտացոլանքը ստացած չլինի Մայր բուհում:Անկասկած, բուհի նման ողբալի վիճակի բուն մեղավորը հենց այն մարդն է, որ գրեթե անհիշելի ժամանակներից ի վեր՝ ղեկավարում է Համալսարանը:
Շատերի, բայց հատկապես՝ կրթական ոլորտի հետ առնչություններ ունեցողների համար, այդ անունը գրեթե հայհոյանքի պես մի բան է դարձել, երբ «Արամ Սիմոնյան» ասելիս շատերի աչքերի առաջ հառնում են այն արգահատելի բարքերն ու կարգերը, որոնք երկար տարիներ բնորոշ են ԵՊՀ-ին:
Սիմոնյանի ֆենոմենը, պետք է խոստովանել, բավական հետաքրքրական է. սա մեր իրականության այն վայ դեմքերից մեկն է, ում, չնայած ամեն ինչին, հաջողվել է երկար տարիներ պահպանել սեփական պաշտոնն ու աթոռին հավերժանալ այնպես, ինչպես ձյունն՝ Արարատի կատարին: Իհարկե, թող մեզ ներեն հայրենասեր մարդիկ՝ նման անտեղի համեմատության համար, բայց փաստը, որ արդեն որերորդ տարին՝ Սիմոնյանին հաջողվում է միանձնյա մասնակցել համալսարանի ռեկտորի ընտրություններին ու հաղթանակել, վկայում է այն մասին, որ սույն գոյն, այնուամենայնիվ, կարողացել է սերտել այն հիմնական լեզուն ու բանաձևը, որոնք կիրառական են իրենից մեծ կոռուպցիոն շղթայի մի մասնիկը ներկայացնող մի համակարգում, որը բազում երիտասարդների գլխին իսկական պատուհաս է դարձել. համալսարանում շրջանառվող ստվերային գումարները կարող են համեմատելի լինել բացառապես օլիգարխիկ տնտեսություններում շրջանառվող փողերի հետ, ինչի արդյունքում էլ, ըստ էության, Սիմոնյանն այս երկարուձիգ տարիների ընթացքում հասցրել է բավական հսկայական ինչքի ու կալվածքների տեր դառնալ, և սա այն պարագայում, երբ, ասենք՝ ԵՊՀ պրոֆեսորների աշխատավարձը 200.000-ից մի փոքր ավել գումար է կազմում:
Իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե՝ ասենք՝ Սիմոնյանը կարող էր այնքան պարկեշտ մեկը լինել, որ խուսափեր համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում տիրող տոտալ աղքատության ֆոնին միլիոնավոր դոլարներ կուտակելու արատավոր պրակտիկայից, բայց այն, ինչ այս տարիների ընթացքում կատարվել է նրա ղեկավարման օրոք, չի կարող տեղավորվել անգամ ամենավառ երևակայության տեր մարդկանց գլխում. Սիմոնյանը հասցրել է ահռելի ունեցվածք հետ գցել ու կառուցել տներ, ձեռք բերել «դաչաներ», որոնց ընդհանուր արժողությունը չափվում է հարյուրավոր միլիոններով:
Այսպես՝ պարզվում է՝ Սիմոնյանը «Բլուր» թաղամասում 500.000 դոլար արժողության տուն ունի՝ կառուցված իր իսկ կողմից ձեռք բերված համապատասխան հողատարածքի վրա, ուր մինչ այդ գտնվում էր 120.000 դոլար արժողությամբ բնակելի շինություն: Նույն թաղամասում գտնվող էլիտար շենքում ԵՊՀ ռեկտորը հասցրել է նաև 3 սենյականոց տուն ձեռք բերել, որի շուկայական արժեքը հասնում է 300.000 դոլարի: Ինչ վերաբերում է ոչ բարով ռեկտորի հանրահայտ «դաչային», ապա, այստեղ ևս, ինչպես հասկանալի է, շքեղությունն անպակաս է գտնվել. Սիմոնյանը Դիլիջանում, չգիտես՝ ինչ միջոցներով, հասցրել է 50 միլիոնի հասնող արժողությամբ տուն ձեռք բերել, ու ամառները վայելել իրապես արքայական հանգիստ, ուր, ասում են՝ այնպիսի հարմարավետություններ կան, որոնք բնորոշ են բացառապես գերհարուստ օլիգարխներին պատկանող վիլլաներին:
Իսկ Սիմոնյանի անհատակ ունեցվածքի աղբյուրը պարզելն, իրականում, այնքան էլ դժվար չէ. դա թաքնված է այն արատավոր համակարգի հիմքերում, որի կնքահայրը, կատարելագործողն ու զարգացման մի նոր ու չտեսնված մակարդակի հասցնողը հենց վերոհիշյալ անձն է հանդիսանում: Համալսարանում փող «ուտելու» մեխանիզմները, պետք է նկատել՝ բավական բազմազան են՝ չքողարկվող ու համատարած կաշառակերություն, պետական միջոցների մսխում ու ակնհայտ ոչ արդյունավետ օգտագործում, հեռակա ուսուցման կամայական ընդունելություն ու առհասարակ՝ ընդունելությունների ոչ օրինական գործընթաց, կադրային սխալ քաղաքականություն, որի արդյունքում բուհը շարունակում են լքել որակյալ մասնագետներն՝ իրենց տեղը զիջելով «զնաչոկավոր» անգրագետներին, կոլեկտիվը յուրայինների ու «ստուկաչների» բաժանելու արատավոր պրակտիկա, երբ հստակ խտրականություն է դրվում դասախոսների միջև՝ ըստ նրանց գաղափարական ու, որ ավելի կարևոր է՝ քաղաքական հայացքների...
Այս ամենի մեջ ամենացավալին այն է, սակայն, որ Սիմոնյանի համակարգակործան ու ծայրահեղ ապաշնորհ քաղաքականության արդյունքում հիմնովին վարկաբեկվել է սիրելի մայր բուհը. հասարակությունը համալսարանին այլևս նայում է այն նույն աչքով, ինչ՝ մասնավոր կրթօջախներին, որոնց թիկունքում չկա պատմություն, չկա վաստակ, չկա ոչինչ. համալսարանը վաղուց վերածվել է Սիմոնյանի հոր դուքանի...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ