Օրվա իշխանությունը պարբերաբար փորձում է ցույց տալ, որ զբաղված է կոռուպցիայի բացահայտմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Ոմանք սա շոու են համարում, իսկ իշխանությունը պնդում է՝ երկրում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան: Ի վերջո, կոռուպցիան այս տարիներին արմատախիլ արվե՞ց, կամ գոնե նվազեցի՞ն դրա ծավալները, թե՞ ոչ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ:
«Համակարգային կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում չի նվազել, հակառակը՝ ավելացել է: Դրա մասին է վկայում Հաշվեքննիչ պալատի վերջին եզրակացությունը, նորը դեռևս չի հրապարակվել, երբ Հայաստանի պետական գնումների կեսը կատարվել է մեկ անձից, ինչը խստիվ արգելվում է օրենքով, և դա ինքնին կոռուպցիայի դրսևորում է: Կոռուպցիայի դրսևորում են դպրոցաշինության շատ ծրագրեր: Իմ ծննդավայր գյուղում երկու տարի առաջ շինարարությունը սկսել են, հետո շինարարին ասել են, որ այլևս չես կարող շարունակել, նոր մրցույթ պետք է հայտարարենք: Այսինքն, որտեղ սկսում են, կիսատ են թողնում: Ճանապարհաշինությունը նույնպես կիսատ են թողնում, և այդպես շարունակ: Կոռուպցիոն դրսևորում է մասնագիտական ցածր մակարդակով, պրոֆեսիոնալիզմի ընդհանրապես բացակայությամբ ծանոթներին պաշտոնների նշանակելը, դրանք բոլորը կոռուպցիայի ապացույցներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: