Հայաստանում արդյունահանված հանքաքարի ծավալը 2014թ. առաջին 11 ամիսների ընթացքում բնեղեն արտահայտությամբ կազմել է 22 մլն տոննա' 2013թ. 25 մլն տոննայի դիմաց: Դրան զուգահեռ, ապրանքային արտադրանքը կազմել է մոտ 186 մլրդ դրամ' նախորդ տարվա 187 մլրդ դրամի փոխարեն:
Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Հանքարդյունաբերության ոլորտում 2014թ. համար ռոյալթի վճարվել է 21 մլրդ դրամ, իսկ 2013 թվականի այդ գումարը կազմում էր 23 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, վճարվել է 1.5 մլրդ դրամի բնօգտագործման վճար' 2013 թվականի 1.7 մլրդ դրամի դիմաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտնեց նախարարը:
Երվանդ Զախարյանի խոսքով' ներկայումս հանրապետությունում գործում է օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված 502 թույլտվություն: «Մետաղական օգտակար հանածոների թույլտվությունները կազմել են 28, ոչ մետաղական օգտակար հանածոներինը'445, հանքային ջրերինը' 29: Տրված է նաեւ նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով երկրաբանական ուսումնասիրության 3 իրավունք»,- ասաց նախարարը:
2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ' ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ստացել է 18 հայտ, որոնցից 13 դեպքում տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ընդերքօգտագործման իրավունք, 3-ը փորձաքննության փուլում են, իսկ 2-ը մերժվել է փաստաթղթերը օրենսդրության պահանջներին համապատասխան չներկայացնելու հիմքով: