Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Առաջին հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: ԶՊԿ–ն տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 48 մլրդ 842 մլն դրամ։ Հետաքրքրական է, որ կոմբինատը տարվա առաջին 3 եռամսյակում' հունվար–սեպտեմբեր ամիսների ընթացքում, ՀՀ խոշոր հարկատուների ցանկում մշտապես զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը' «Գազպրոմ Արմենիայից» հետո։ Եվ միայն տարեվերջին' չորրորդ եռամսյակում է գլխավորել հարկատուների ցանկը' շուրջ 1 մլրդ դրամով գերազանցելով «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերի չափը։ Սա թերևս համաշխարհային շուկայում պղնձի գնի անկասելի բարձրացման հետևանք է։ «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ընթացքում 47 մլրդ 825 մլն դրամի հարկ է վճարել բյուջե։ Երրորդ խոշոր հարկատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է (42 մլրդ 656 մլն դրամ), չորրորդը' «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը 42 մլրդ 157 մլն դրամ հարկ է վճարել բյուջե։ Ավանդաբար խոշոր հարկատուների տասնյակում են շարունակում մնալ «Գեոպրոմայնինգ Գոլդ» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները' համապատասխանաբար 20.8 և 20.3 մլրդ դրամ հարկային մուտքերով։ Խոշոր 10 հարկատուների շարքում են նաև հեղուկ վառելիքի շուկայի խոշոր ընկերությունները' «Ֆլեշը» (18,1 մլրդ) և «Սի Փի Էս օյլ»–ը (15,4 մլրդ)։ Կապի օպերատորներից խոշորների տասնյակում է միայն «ՄՏՍ Հայաստանը»' 15.7 մլրդ դրամ տարեկան հարկերով։ Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ԹԵՂՈՒՏ» հանքարդյունաբերող ընկերությունը, որն այս տարվա ընթացքում 15.3 մլրդ դրամի հարկ է մուծել պետությանը։
Իսկ ի՞նչ պատկեր էր 2020-ին: Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը» 8-րդն էր՝ վճարած 16,024,538 դրամով: Հարություն Փամբուկյանի ընտանիքին պատկանող «Սի Փի Էս օյլ»–ը 7-րդը ՝ 18,059,092 դրամով: Սամվել Ալեքսանյանի Սիթին 16-րդն էր՝ 7,814,702 դրամով: 2021-ին՝ 19-րդն էր՝ 8,078,235 դրամով: «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»-ը 2021-ին 14-րդն էր ՝ 10,529,642 դրամով, 2020-ին՝ նույնպես 14-ը՝ 8,544,497 դրամով: «Նատալի ֆարմը» 2021-ին՝ 37-րդն է՝ 4,784,897 դրամով: 2020-ին 28-ն էր՝ 4,955,213 դրամով: Արկադի Համբարձումյանի «Սլավ Գրուպը» 2021-ին 56-րդն էր՝ 3,894,729 դրամով, 2020-ին՝ 57-ը՝ 3,083,575 դրամով:Դերժավա Մ-ը 2020-ին 66-րդն էր՝ 2,736,762 դրամով, 2021-ին 72-ը՝ 3,085,629 դրամով:
Ինչպես տեսնում ենք, չնայած իրենց ներկրման և իրացման' շուկաներում տվյալ գործարարները գների շեշտակի աճ են ունեցել, ինչն, անշուշտ, արտահայտվել է նաև նրանց ստացած եկամուտների վրա՝ դրանք բազմապատկելով. չեն բազմապատկվել վերջիններիս կողմից բյուջե վճարված հարկերը: Նման խոշոր շուկաներում 1 միլիարդ ավել հարկի վճարումը նույնիսկ զավեշտալի ավելացում է' հաշվի առնելով, թե որքան են ավելացել նախորդ տարի սույն գործարարների եկամուտները...