Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի համեմատ 2016 թվականին նկատելի աճել են ալկոհոլից թունավորման դեպքերը։
Անցյալ տարի գրանցվել է 370 դեպք, իսկ սույն թվականին արդեն իսկ 360-ից ավելի դեպք կա արձանագրված։
Այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։
«Վերջին տարիների փորձն ամփոփելիս այս տարի ալկոհոլային թունավորումների մեծ աճ է զգացվում։ Տարեցտարի ավելանում է թունավորվողների թիվը։ Պետք է նշեմ, որ առաջ թունավորման դեպքերը գրանցվում էին միջին տարիքի անձանց մոտ, այժմ, ցավոք, այդ թիվը բավականին երիտասարդացել է։ Սկսած 15-16 տարեկանից շատ են աճել թունավորման դեպքերը, ինչպես նաև կանանց շրջանում են շատացել նմանատիպ դեպքերը»,-ասաց Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ ալկոհոլի թունավորման դեպքերը ամենևին կապ չունեն խմիչքի որակի հետ։ ՀՀ գլխավոր թունաբանը վստահեցնում է, որ դա միայն կապված է քանակի չարաշահման հետ։ «Մեծ մասամբ թունավորման դեպքերը լինում են շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով։ Ես խորհուրդ եմ տալիս երբեք չխառնել խմիչքները։ Եթե սկսել եք մի ոգելից խմիչքով, ապա պետք է շարունակել նույնը խմել։ Իհարկե, պետք չէ նաև ալկոհոլ օգտագործել «դատարկ ստամոքսին»,- շեշտեց Միքայել Գաբրիելյանը։
Թունաբանը նաև շատ կարևորեց և հորդորեց, որպեսզի հատկապես Նոր տարվա տոներին ըն դառաջ, երբ գազօջախները առավել շատ են օգտագործվում, միշտ ստուգել դրանք։ «Գազօջախները և գազի այլ սարքեր միշտ ստուգել է պետք և լինել չափազանց զգոն։ Վերջին մի քանի ամսում գազային թունավորման շատ դեպքեր են եղել։ 2015 թվականին գրանցվել է 38 դեպք շմոլ գազից, իսկ 2016 թվականին՝ 82 դեպք։ Գնալով այդ դեպքերը, ցավոք, շատանում են։ Գուցե դա կապված է եղանակային ցուրտ պայմաններից, բայց ամեն դեպքում պետք է շատ զգոն լինել»,- նշեց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։