2021 թվականի փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 792 զանգ, որոնց 64-ը քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ:
ԱԻՊԾ սակրավորների հետ Արցախի տարածքը հնարավոր վտանգից մաքրելու եւ արտակարգ իրավիճակների սպառնալիքներից խուսափելու համար, չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքներին ընդգրկվել են նաեւ «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը», «The Halo trust» կազմակերպությունը, ինչպես նաեւ ՌԴ ՊՆ եւ ԱԻՆ սակրավորական ջոկատները:
Սեպտեմբերի 27-ից առ այսօր միայն ԱԻ ծառայության սակրավորները Արցախի տարածքից հայտնաբերել եւ ոչնչացրել են շուրջ 2722 հրթիռային, հարվածային եւ կասետային ռումբեր, 286 հատ ականանետի ական, 186 հատ ձեռքի նռնակ, 13 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, 600 հատ արկ: Ինժեներահետախուզական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով:
Եղանակի տաքացման հետ Արցախի Հանրապետությունում ավելացել են հրդեհի մասին դեպքերը: Անցած 7 օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 22 դեպք: Տարվա այս սեզոնին այս թիվն աննախադեպ է: Հրդեհները բռնկվել են բաց խոտատարածքներում, անտառներում եւ բնակելի մեկ տնակում: Հրշեջ փրկարարական մարտական հաշվարկները գերազանցությամբ են իրականացրել իրենց պարտականությունները՝ ժամանակին կատարելով հրդեհաշիջման աշխատանքներ: Արդյունքում՝ բնապահպանական լուրջ վնասներ չեն գրանցվել, մարդկային տուժածներ չկան:
Վերջին շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 56 կանչ է գրանցվել: Դրանք մեծ մասամբ բնակչության օգնության, վթարափրկարարական, հիվանդների տեղափոխման, ջրամատակարարման-ջրահեռացման եւ դռների բացմանն էին վերաբերում:
911 ահազանգման կենտրոնում վերջին 7 օրերին ավտոճանապարհատրանսպորտային պատահարների մասով դեպքեր չեն արձանագրվել:
ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: 2021 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: