Հայաստանում 2023 թվականին մահացել է 24 հազար 305 մարդ՝ 2387-ով պակաս, քան նախանցյալ տարի:

Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Ինչպես 2022 թվականին, մահացության դեպքերի գերակշիռ մեծամասնությունը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Անցյալ տարի դա հանդիսացել է 12 հազար 973, իսկ 2022-ին՝ 14 հազար 239 մարդու մահվան պատճառ:

2023-ին նորագոյացություններից մահացել է 5089 (2022-ին՝ 5141), շնչառական օրգանների հիվանդություններից՝ 2090 (2363), մարսողական օրգանների հիվանդություններից՝ 1181 (1138), վարակիչ և մակաբուծային հիվանդություններից՝ 147 (148), որոնցից ՄԻԱՎ-ով հարուցված հիվանդություններից՝ 34 (20), էնդոկրին համակարգի հիվանդություններից՝ 437 (398), հիվանդացության և մահացության արտաքին պատճառներից՝ 1066 (1258), COVID-19-ից և վիրուսներից՝ 45 (812), այլ հիվանդություններից՝ 1277 (1195) մարդ:

Ընդ որում՝ ներկայացված վիճակագրությունը ներառում է COVID-19-ի և վիրուսների պատճառով արտերկրում տեղի ունեցած մահվան դեպքերը, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են ՀՀ ՔԿԱԳ-ում: Անցյալ տարի գրանցվել է այդպիսի երկու, իսկ 2022-ին՝ 23 դեպք:

Անցյալ տարի գրանցվել է նաև ինքնասպանության 198 դեպք՝ 10-ով ավելին, քան 2022-ին: