«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հպարտորեն հայտարարել է, որ իշխանությունների սահմանած նոր խաղի կանոնների շնորհիվ զսպվել է գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ախորժակը: Հայաստանում հեղափոխությունից հետո մշտապես հայտարարվել է, որ տնտեսությունը դադարել է մոնոպոլ լինել, նախկին մենաշնորհատերերն էլ զրկվել են իրենց դիրքերից: Խոսվում էր ստվերի կրճատման, բյուջեն դինամիկ կերպով լցնելու պատրաստակամության և նպատակի մասին:
 
Իրականում ի՞նչ տեղի ունեցավ։ Բյուջեն թերակատարվեց։ Նախատեսվածի համեմատ՝ գրեթե 4 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտ հավաքվեց։ Նախկինում մշտապես թիրախում պահելով որոշ հայտնի օլիգարխներին՝ այժմ արդեն Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարում խոսել նրանց կողմից վճարվող հարկերի մասին։ Ժամանակին այդպիսի օլիգարխներից էր, թերևս, Սամվել Ալեքսանյանը, որը մշտապես համարվել է իշխանությանը սպասարկող խոշոր գործարարներից մեկը՝ ունենալով ստվերում գործելու արտոնյալ պայմաններ։ Իշխանափոխությունից հետո, երբ հայտարարվեց նախկին հարաբերությունների վերացման մասին, թվում էր, թե դա պիտի հանգեցներ Ալեքսանյանի կողմից պետական բյուջեի վճարվող հարկերի ավելացմանը։ Սակայն հակառակն է եղել։ Գործարարին պատկանող հայտնի «Ալեքս Հոլդինգ»-ը նոր իշխանությունների օրոք անհամեմատ ավելի քիչ հարկ է վճարել։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ ընկերության կատարած հարկային պարտավորությունները նախորդ տարվանից պակաս են եղել 24,5 տոկոսով։ Տարբերությունը կազմել է 5 մլրդ 279 մլն դրամ։ Եթե 2017թ. «Ալեքս Հոլդինգ»-ը պետական բյուջե էր վճարել 21 մլրդ 470 մլն դրամ, ապա 2018թ.` 16 մլրդ 191 մլն դրամ։
 
Փոխարենը այդ ի՞նչ նոր խաղի կանոններ են հաստատվել, որոնք բերել են հետևյալ պատկերի: Այսպես. շաքարավազի շուկայում 2017 թ. գործել է 85 տնտեսվարող, և Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերության մասնաբաժինը կազմել է 97 %, 2018 թ. այս շուկայի խաղացողների թիվը կրճատվել է 10-ով, իսկ «Ալեքս Հոլդինգ»-ի մասնաբաժինը դարձել է 92 %։ Շուկայի կենտրոնացվածությունը, կարելի է ասել, նվազել է, սակայն խիստ աննշան չափով, և Ալեքսանյանը շարունակում է կրել «շաքարի արքա» «պատվավոր» տիտղոսը։ Ցորենի շուկայում տնտեսվարողների թիվը 2017 և 2018 թվականներին նույնն է եղել՝ 84, իսկ «Ալեքս Հոլդինգ»-ի մասնաբաժինն ավելացել է՝ 49 %-ից դառնալով 53%։ Կարագի շուկայում տնտեսվարողների թիվը չի փոփոխվել՝ 44 ընկերություն, սակայն «Ալեքս Հոլդինգ»-ի հետ միաժամանակ՝ 2018-ին կարագ է սկսել ներմուծել Ս.Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս երկուսի մասնաբաժինը շուկայում 2017-ի 56%-ի փոխարեն՝ 2018-ին դարձել է 46%։
 
Պարզապես փոխվել է անվանումը, և մենաշնորհ ունեցող օլիգարխն այժմ համարվում է գերիշխող դիրք ունեցող, ինչն ամբողջությամբ տեղավորվում է օրենքի շրջանակներում: Չնայած, այս դեպքում էլ հարցեր են առաջանում, քանի որ մենաշնորհների դեմ ծավալվող պայքարը քաղաքացիները դեռևս չեն զգացել ո՛չ իրենց մաշկի, ո՛չ էլ, առավել ևս՝ գրպանի վրա: Ասվածի վառ ապացույցը այդքան փիառված բանանի գներն են, որոնք վերջերս վերադարձան մինչ հեղափոխական գներին…