Գաղտնիք չէ, որ Նոր Հայաստանի նախարարները նախկինում՝ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը, աշխատել են այս կամ այն մասնավոր ընկերություններում, ինչպես նաև բավական ակտիվ են եղել հանրային դաշտում, ունեցել են սեփական ՀԿ-ները: Ի՞նչ առավելություններ են ստացել այդ ընկերությունները և ՀԿ-ները՝ այնտեղ աշխատող անձանց կողմից բարձր պաշտոններ ստանձնելուց հետո: Նշենք, որ խոսքը հովանավորչության մասին չէ, քանի որ նման պնդումներ անելու համար բավարար հիմքեր չկան, սակայն գործ ունենք փաստերի հետ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2018 թվականին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի է արժանացրել «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին։ Ջեյմս Թրուշարդը եղել է այն ժամանակ նախարարի պաշտոնակատարի դերում գտնվող Հակոբ Արշակյանի նախկին գործատուն։ Նախարարության պաշտոնական էջում հրապարակված է Հակոբ Արշակյանի կենսագրությունը, որի համաձայն՝ նա 2010-2012 թվականներին աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերությունում՝ որպես համակարգերի ինժեներ, ապա 2012- 2017 թվականներին «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում՝ որպես «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար։
Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, մամուլի հրապարակումների համաձայն, տարբեր պաշտոններում նշանակել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, որը ստեղծել ու ղեկավարել է ինքը նախկինում:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ժամանակին աշխատել է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունում, եղել է գործընկեր: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Արդարադատության նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը: Դատական գործերից մեկով «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հանդիսանում է տեղական ենթախորհրդատու: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Կորսան կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության միջև կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի առնչությամբ ծագած վեճերով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցելու համար ընտրվել է ”Lalive” միջազգային ընկերությունը, որը որպես տեղական ենթախորհրդատու է առաջադրել «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակին: Բադասյանն այս ընկերության բաժնետեր չէ, այդ տեղեկությունը բազմիցս հերքվել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ամենատևական աշխատավայրը եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, որն ունի շահեկան դիրքեր առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գործում, իսկ վերջին տարիներին ՀԿ-ի՝ Սորոսի գրասենյակից ստացած գումարների չափը` գումարային 232.857$ է: Փաստերը վկայում են, որ Թորոսյանը և իր տեղակալ Նանուշյանմ ակտիվորեն համագործակցում են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» (Real world, real people) ՀԿ-ի հետ։ Պարզվում է, որ այս ՀԿ-ն համագործակցում է ԼԳԲՏ համայնքի հետ և սատարում է նրա բոլոր նախաձեռնություններին։ Օրինակներից են տրանսգենդերի ելույթը՝ ՀՀ ԱԺ ամբիոնից: