Օրերս հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը նաև արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա: Նշենք, որ դատարանի վճիռն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել: Ավելի վաղ, քննության փուլում դատարանը հետախուզում էր հայտարարել Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ, սակայն հետագայում վերացվել էր այդ որոշումը:
Առաքել Մովսիսյանը, սակայն, միակ սնանկացած նախկին պաշտոնյան չէ: Դեռևս 2018 թվականին «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի եւ Վայոց Ջորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավելին՝ գործարանի տնօրենը նրա եղբայրն էր՝ Հենրիկ Աբրահամյանը:
Արդեն 2019-ին ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի մարտի 29-ի վճռով սնանկ է ճանաչվել: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը' պահանջելով ավելի քան 6 մլն դրամ գումար: Նշենք, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ը «Ալիանս Լոջիսթիք»-ի միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր է կուտակել:
Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր լինելով' նույնպես սնանկ է ճանաչվել: Մեկ այլ վճռով սնանկ է հայտարարվել նրա մայրը՝ Նելլի Նազարյանը, ով եւս ընկերությունների սեփականատեր է եղել:
ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի նախկին ղեկավար Ավետիկ Համբարձումյանը դատարանի որոշմամբ նույնպես սնանկ է ճանաչվել։