Հայաստանի իշխանությունները, այսպես կոչված՝ թավշյա պաշտոնյաները, պարբերաբար հայտնվում են, մեղմ ասած, անհարմար դրության մեջ, քանի որ բացահայտվում է վերջիններիս կողմից ասված սուտը: Նրանք հայտարարություններ են անում, պնդումներ, փորձում են արդարանալ, սակայն ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել, հասարակությունը և մամուլը շատ արագ հաջողացնում են բացահայտել ստերը և վեր հանել դրանք: Ներկայացնենք ձեզ թավշյա պաշտոնյաների ստերի թոփ 10-յակը:
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը հերքման պահանջ էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Էրիկ Գրիգորյանին' մեղադրելով վերջինիս սուտ խոսելու մեջ: Նախարարն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս բառացի ասել էր, որ «... այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաեւ երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձեւ տեքստ էին գրում, որ նայեք, ՀԷԿ-երը եւ այլն, եւ այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ եւ հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստում էր' պնդելով, որ 29 մլն-ի պարգեւավճար Է բաժանվել քաղաքապետարանի աշխատակիցներին: Փաստացի, խոսքը գնում էր առնվազն 100 մլն դրամի մասին:
Առողջապահության նախկին նախարար, ներկայումս պատգամավոր Արսեն Թորոսյանը ստել է, ապա խոստովանել' դիմակներ չկրելու կոչը պայմանավորված է եղել դիմակների դեֆիցիտով, այլ ոչ թե դրանց անօգտակարությամբ:
Վերջին ժամանակներս սահմանադրական իրավունքի «փորձագետ» դարձած և Սահմանադրական դատարանի մասով «մասնագիտացած» Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում գրել էր. «Փաստորեն Կիմ Բալայանը և Գագիկ Հարությունյանը դեռևս ՍԴ անդամ են, բայց գաղտնի էին պահում»։ Սակայն, Վահագն Հովակիմյանի «բացահայտումը» հերքեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Վերջինս ներկայացրել է փաստաթղթեր, համաձայն որոնց' դեռևս 2018 թվականին ՍԴ աշխատակարգային համապատասխան որոշումներով դադարել են Գագիկ Հարությունյանի, Կիմ Բալայանի և Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները:
Ներկայում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանը հայտարարել էր, թե փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը իր բաջանաղը չէ, իրականում' Սարգսյանի կինը և Նազարեթյանի կինը մորաքրոջ աղջիկներ են: Սարգսյանը ստել էր նաև մորաքրոջ հարսի մասով. Լիլիթ Միրզախանյանը մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստում էր, երբ հայտարարում էր, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Երկնիշ տնտեսական աճ, իհարկե, չապահովվեց, իսկ Քերոբյանը պարզաբանելով թե ինչու է ուշանում հրաժարականի դիմումը' նշեց, որ պարզապես կատակ է արել։
Մեկ տարի առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Սիրելի հայրենակիցներ Գորիս-Կապան Մ-2 միջպետական ճանապարհահատվածը արդեն բաց է։ Կարող եք երթևեկել այդ հատվածով։ Ճանապարհի անվտանգությունն լիովին ապահովված է»։ Դրանից ընդամենը օրեր անց Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հանձնվեց թշնամուն։
Պատերազմի օրերին, նոյեմբերի 7-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գրառում էր արել' պնդելով, որ զոհվել է ադրբեջանցի հատուկջոկատային գնդապետը։ Պատերազմից ամիսներ անց վերակենդանացած գնդապետը, սակայն, հաղթական հարցազրույցներ էր տալիս ադրբեջանական ԶԼՄ-ին, ստացվում է' հայ բարձրաստիճան պաշտոնյան պարզապես ստել է և կեղծ տեղեկություն տարածել։
Պատգամավոր Բաբկեն Թունյանը ամիսներ առաջ ԱԺ նստաշրջանի ընթացքում հրապարակել էր տվյալներ, որ 2021-ին 3.2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում: Սակայն, վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալները այլ բանի մասին են վկայում, դրանց համաձայն՝ շահումով խաղերի և այդ ոլորտի ամբողջ շրջանառությունը 2021-ի ինն ամիսներին կազմել է մոտ 200 մլրդ դրամ, այսինքն՝ 16 անգամ քիչ, քան պատգամավորն է նշել:
Քիչ չեն նաև վարչապետ Փաշինյանի' հատկապես հետպատերազմյան ստերը։ Սակայն, բերենք ընդամենը մեկ օրինակ։ Փաշինյանը հայտարարել էր՝ բանակցությունների ընթացքում հանգել էին մի կետի, որ ցանկացած պարագայում Շուշին պետք է հանձնվեր: Փաշինյանի այս հայտարարությունը սկզբում հերքեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ով հստակ գրառում արեց՝ հայտարարելով, որ բանակցությունների և ոչ մի փուլում Շուշին զիջելու հարցը չի քննարկվել: Այնուհետև Փաշինյանին էլ ավելի լուրջ քաղաքական ապտակ հասցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով փաստացի հաստատեց՝ Շուշին հանձնելը եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը:
Հեղափոխության օրերին ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարում էր, որ իրենք, գալով իշխանության, լինելու են ՀՀ բոլոր ժամանակների ամենաանկեղծ իշխանությունները և ժողովուրդը իրենցից երբեք սուտ բառ անգամ չի լսի: Ինչպես ցույց տվեց ժամանակը' ժողովուրդը հենց սուտ է, որ չորս տարի է' լսում է..,