Երբ առողջապահության նախարարությունը հայտնեց իր՝ պարտադիր պատվաստման կամ թեստավորման որոշման մասին, ի սկզբանե նշվում էր, որ այդ որոշման լուսանցքում են մնացել մի շարք առանցքային բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախարարությունից շտապեցին հանդարտեցնել հանրային կրքերը, և անձամբ նախարար Ավանեսյանը հայտարարեց, որ այդ որոշումը վերաբերվելու է ոչ միայն հպարտ քաղաքացիներին, այլ նաև պաշտոնյաներին:
Սակայն, երեկ հպարտ քաղաքացիները ստիպված էին կանգնել այն փաստի առաջ, որ իրենց կրկին ստել են: Բանն այն է, որ արդարադատության նախարարությունը տարածել է աբսուրդալի և ծիծաղաշարժ մեկնաբանություն, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող ազատվել աշխատանքից և հետևաբար կարող են նաև չպատվաստվել: Պարզվում է ՝ նրանց' վարչապետին, նախագահին, դատավորներին, պատգամավորներին ընտրել է ժողովուրդը, հետևաբար նրանք չունեն վերադաս, ով վերջիններիս կազատի աշխատանքից: Ժողովուրդը, իհարկե, կարող է խնդրել թարմացնել իր հիշողությունը և հուշել, թե երբ է ինքը վերջին անգամ ընտրել նախագահ կամ դատավոր, սակայն, ժողովուրդը դրա ժամանակը դժվար ունենա. պատվաստման և կորոնա թեստերի հանձնման հերթերի մեջ է:
Իսկ ի՞նչ հիմնավորմամբ են ստիպելու պատվաստվել կամ թեստավորվել այն գործարարին, ով աշխատում է օֆիսում, սակայն, ինքն իր վրա: Նրան ո՞ր վերադասն է ազատելու աշխատանքից: Կամ եթե պատգամավորներին կարող է պատժել կամ աշխատանքից զրկել միայն ժողովուրդը, ապա ինչո՞ւ են իրավապահները կալանավորել ընդդիմադիր պատգամավորներին. թողնեին ժողովուրդը հարցերը կլուծեր: Ասել, որ տվյալ հիմնավորումը ծիծաղելի է և զավեշտալի, նշանակում է ոչինչ չասել: Սա միակ դեպքը չէ, երբ ժողովրդի ծոցից ելած հեղափոխականներն իրենց այդ ժողովրդից արտոնյալ են դասում: Դեռևս համավարակի առաջին փուլում, երբ դիմակները պարետի որոշմամբ դարձել էին պարտադիր, այդ պարտադրանքը շատ ուշագրավ կերպով շրջանցեց պաշտոնյաներին: Նույնը կարելի է ասել վիրավորանքի դեպքում, այսինքն' շարքային հպարտ քաղաքացուն վիրավորել կարելի է, իրենց՝ պաշտոնյաներին, ոչ:
Ակնհայտ է, որ հեղափոխական թիմը վաղուց շեղվել է իր իսկ կողմից իրականացված հեղափոխության արժեքներից: