Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից հատկապես սուր քննադատության էր արժանանում այն փաստը, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների կանայք և ամուսինները բավական յուղոտ պաշտոններ և արտոնություններ էին ստանում պետական բյուջեի հաշվին։ Արդյո՞ք այս առումով Նոր Հայաստանում ստեղծվել է այլ իրավիճակ, դատեք ինքներդ։
Արդարադատության նախկին նախարար, այժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը, կինը' Տաթևիկ Սարգսյանը աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում (ԱԺ նախագահի տեղակալի փորձագետ), միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում և, բացի ԱԺ աշխատակազմից, միաժամանակ ստացել է վարձատրություն նաև այդ ընկերությունից:
Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին։ Նրա նշանակումից հետո իր կնոջը' Վարդանուշ Թևանյանին պատկանող «Միբս» ընկերության հետ նախարարությունը կնքել է 5 պայմանագիր՝ ընդհանուր 124 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ գնումների հաշվետվողականության՝ էլեկտրոնային armeps.am համակարգի՝ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման երկու պայմանագրեր «Միբս» ընկերության հետ էլ կնքվել է մինչև Թորոսյանի նախարար նշանակվելը։
Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ «ԻԲԱՐՒ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։ «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն նաև մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: ՓԲԸ-ի տնօրեններից են ոչ միայն Անահիտ Ավանեսյանը, այլ տարբեր տարիներին նաև' նրա ամուսինն ու մայրը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում, որպես փաստաթղթաշրջանառության բաժնի մասնագետ:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կինը՝ Մարիամ Մինասյանը նշանակվել է Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենի ժ/պ։ Մամուլիմ նաև հայտնի էր դարձել, որ Մինասյանը չունի համապատասխան հավաստագիր։ Ավելին՝ այս տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ դրսից են նշանակում ժ/պ, սովորաբար կոլեկտիվից մեկին են վստահում այս պաշտոնը մինչեւ նոր ընտրություն։ Մարիամ Մինասյանը Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամ է եղել։
Լենա Նազարյանի ամուսինը' Նարեկ Բաբայանը հեղափոխությունից հետո նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար, իսկ 2021-ին իր կնոջ հետ միասին ընտրվեց ԱԺ պատգամավորի պաշտոնում։
Շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Հակոբ Սիմիդյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը հեղափոխությունից հետո աշխատանքի է անցել՝ նշանակվելով Բարձր տեխնոլոգիական նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ:
Մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Համազասպ Դանիելյանի կինն էլ Երեւանի ավագանու անդամ է:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։
Ինչպես տեսնում ենք, թեև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ՀՀԿ-անների նման ավանդույթները, այդ ավանդույթները ջերմորեն պահպանվում և շարունակվում են հենց իր իսկ հեղափոխական թիմակիցների կողմից...: