Թավշյա իշխանության ներկայացուցիչները, հեղափոխությունից հետո զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, պարբերաբար հայտնվել են սկանդալային պատմությունների կիզակետում, որոնցից ինչ-որ հրաշքով մշտապես կարողացել են չոր դուրս գալ: Այսօր, շարունակելով մեր շարքը, կանդրադառնանք Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանին:
Դիաննա Գասպարյանի մասին մամուլում բազմաթիվ գրառումներ են եղել, որոնց մի մասը, արդարության համար նշենք, բացարձակ զառանցանքի էին նմանվում, սակայն, կային այնպիսի գրառումներ որոնք հիմնված էին փաստերի վրա: Մասնավորապես, այն, որ քաղաքապետը ավագանու անդամի հորը բենզալցակայան կառուցելու թույլտվություն էր տվել: Սրանք բարքեր էին, որոնք բնորոշ էին նախկին իշխանություններին, որոնց մերժելով էլ ներկաները բազմել էին իրենց աթոռներին:
Նախորդ տարի Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Սերգոյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքն ապօրինի կերպով Էջմիածնի ինֆեկցիոն հիվանդանոցից գողանում պետական միջոցներով ֆինանսավորվող հոսանքը: Օգտատերը ցույց է տալիս նաև քաղաքապետի տունը, որտեղ նա բնակվում է: Նույն թեմայի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Հարություն Մկրտչյանը՝ նշելով, որ հրավիրում է լրագրողների ու պատկան մարմինների ուշադրությունը։ Ուշադրությունը, սակայն, չհրավիրվեց:
2020 թվականի հունիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ուղիղ եթերով խոսել է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի կողմից վարձակալած սրճարանի մասին: Գասպարյանը հանդես է եկել կոչով. «Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել այդ սրճարանի աշխատանքը բոյկոտել, որևէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»։
ՀՀ քր. օր. 214-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել։ Դիանա Գասպարյանի հայտարարություններում առերևույթ առկա է նաև ՀՀ քր. օր. 309-րդ հոդվածով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) նախատեսված հանցակազմը՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)։ Սակայն, այս ամենը կրկին անգամ չի արժանացել իրավապահների ուշադրությանը՝ հասկանալի պատճառներով: