Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ՔՊ-ական այն պաշտոնյաներին, ովքեր, հայտնվելով սկանդալային պատմությունների մեջ, ջրից չոր են դուրս եկել, այսօր կանդրադառնանք Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանին:
Բոլորի հիշողության մեջ դեռևս թարմ է այն դեպքը, երբ Սարուխանյանը անվայելուչ արտահայտություններ էր արել այն ժամանակ դեռ իր թիմակից Սոֆյա Հովսեփյանի հասցեին, սակայն, գործը նույնիսկ էթիկայի հանձնաժողովին չհասավ:
Մամուլը նաև բազմիցս ահազանգել էր, որ մարզպետ Սարուխանյանը հրահանգում է մարզի գյուղապետերին ՔՊ-ի համար ձայներ հավաքել, սակայն, այս դրվագները նույնպես պատկան մարմինների ուշադրությունից վրիպել են:
Շիրակի արդեն նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը եւս ինքն իրեն խրախուսել եւ դրամական պարգեւի է արժանացրել: Առաջին հրամանը Կարեն Սարուխանյանը տվել է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, համաձայն որի, մարզպետարանի 22 աշխատակից է պարգեւատրվել, ընդհանուր գումարի չափը կազմել է 5 266 233 մլն դրամ:
Վերջերս, ինչպես գիտենք, Շիրակի մարզում ձերբակալվել էր հայազգի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի մորաքույրը: Գյումրիում համառ խոսակցություններ են շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ժամանակին հենց Կարեն Սարուխանյանն է կանգնած եղել «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանի և փոխտնօրեն Գևորգ Ալեքյանի ձերբակալությունների հետևում:
Այս բոլոր դրվագները չեն արժանացել և չեն արժանանում պատկան մարմինների ուշադրությանը, ինչը նշանակում է, որ Սարուխանյանը, ինչպես ասում են, վերևներից քարտ-բլանշ ունի, և դա է պատճառը, որ մշտապես ջրից չոր է դուրս գալիս: