Հիմա գտնվում եմ Ազատության հրապարակում, քանի որ պայքարում եմ Արցախի համար և կիսում ընդդիմադիր թևի գաղափարները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը:
Ըստ՝ նրա մարդիկ այսօր հասկանում են, որ Արցախը կորցնելու լուրջ վտանգ կա. «Ինչքան ինքնասիրություն ունեցող գիտակից մարդ կա, պարտավոր է Արցախի պահպանման համար կանգնել մեր հայրենակիցների կողքին: Իսկ նրանք, ովքեր անտարբեր են, անգործության են մատնվում, համարում եմ դավաճաններ: Ինչպես կարող է մարդ երկիրը կորցնելու հանդեպ անտարբեր լինել, չեմ կարողանում հասկանալ»,- ասաց նա:
Վերջինս նշեց՝ շատ են այն մարդիկ, որոնք ցանկանում են Վարդենիսից գալ Ազատության հրապարակ և միանալ պայքարին. «Վարդենիսի բնակչության մեծամասնությունը ցանկանում է լինել Ազատության հրապարակում, բայց քանի որ հիմա գարնանային աշխատանքներ են տանում՝ վար ու ցանքով են զբաղված, չեն կարողանում լքել Վարդենիսը. դա է իրենց մի կտոր հացի խնդիրը լուծում: Կան նաև այնպիսիները, որոնք ասում են՝ վերջին կոպեկն էլ կծախսենք, բայց կգնանք՝ պայքարին միանալու»,- ասաց համայնքի նախկին ղեկավարը՝ հավելելով, որ վաղը կմասնակցի նաև ջահերով երթին.
«Ողջ աշխարհը պետք է տեսնի, որ այսքան բանից հետո հայ ազգը նորից պայքարում է իր անկախության ու պատվի համար»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը:
Զվարթ Պետրոսյան