Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել այն ՔՊ-ական պաշտոնյաներին, որոնց նախկին գործատուների կյանքը հեղափոխությունից հետո ակնհայտորեն քաղցրացել է։ Այսօր մենք կանդրադառնանք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, գաղտնիք չէ, որ վերջինս էլ պետական կառավարման համակարգում աշխատելու փորձով աչքի չի ընկել և նախարարություն է եկել մասնավոր ոլորտից։ Նրա կենսագրությունից հայտնի է, որ Ավանեսյանը երկար ժամանակ աշխատել է Արմֆարմացիա ՓԲԸ-ում:
«Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն նաև մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: ՓԲԸ-ի տնօրեններից են ոչ միայն Անահիտ Ավանեսյանը, այլ տարբեր տարիներին նաև' նրա ամուսինն ու մայրը: Մասնավորապես, 2008-2015թթ-ին ընկերության գլխավոր տնօրեն է եղել Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, իսկ մինչ այդ՝ 2003-2008թթ. Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Այժմ տնօրենն է Աննա Հովհաննիսյանը: Ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում' մատակարարելով դեղորայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցներին:
Ավանեսյանի փոխնախարար նշանակվելուց հետո պետական գնումների մրցույթով ««Արմֆարմացիա»-ի հետ կնքվել է 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ, հաջորդ խոշոր գնորդը Պաշտպանության նախարարությունն է՝ 15% (մոտ 88 մլն դրամ), ապա ԵՊԲՀ հիմնադրամը՝ մոտ 10% (57 մլն դրամ)։ Գնորդների ցանկում են՝ տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ․ մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք։
Իհարկե, Ավանեսյանի դեպքում սույն ընկերությունը ոչ այնքան վերջինիս գործատուն էր, որքան ընտանեկան բիզնեսը: Ավանեսյանը հայտարարել է, որ այս պահին որևէ բաժնեմաս չունի, և հակառակը պնդելու որևէ հիմք նույնպես չկա, սակայն, ակնհայտ է, որ վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը բիզնես հաջողություններ է արձանագրում նաև վերջինիս պետական պաշտոն ստանալուց հետո: