Որքան էլ որ ՔՊ ներսում փորձում են տպավորություն ստեղծել, որ ներթիմային որևէ լարվածություն տեղ չունի հեղափոխականների շրջանում, մի բան ակնհայտ է՝ վերջին շրջանում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ չեն թաքցնում նույնիսկ միմյանց հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքը:
Դիցուք՝ շաբաթներ առաջ համացանցը զարմացրել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի գրառումը, որտեղ նա, ըստ էության, ծաղրում էր իր ղեկավարի՝ Անահիտ Ավանեսյանի հայտնի աղային ռեֆորմը: Նա ֆեյսբուքյան իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը տիկ-տոկից է, և արել է տիկտոկեր։ Տեսանյութում տիկտոկերը հանրային սննդի օբյեկտում է, և երբ ձեռքն է վերցնում աղամանը, դիմացը «հայտնվում» է Անահիտ Ավանեսյանը։ Տեսանյութը փոխնախարարը վերնագրել է ․ «Աղի իրազեկման միջազգային շաբաթվա ամենադիպուկ վիդեոն»։ Զարմանալի է, որ մի ամբողջ գերատեսչության փոխնախարար տիկ-տոկյան տեսանյութը, ոչ միայն որակում է ամենադիպուկը, այլև այդ կերպ, ըստ էության, միանում է նախարարի՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի վերաբերյալ արված հումորներին։
Շաբաթներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի ընթացքում բավական կոշտ զրույց ստացվեց պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջև: Թունյանը բառացիորեն ասաց հետևյալը՝ եթե ԱԺ բերվում է որևէ նախագիծ, պետք չէ մեզ հիշեցնել, թե վարչապետը ինչ է ասել այդ մասին: Թերևս այսպես նա սթափեցնում էր նախարարին, ով հաճախ է հղում անում վարչապետի այս կամ այն խոսքին:
Բավական լարված էին Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարաբերությունները: Գորիսում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն Վլադիմիր Աբունցն էր: Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Սյունիքի արդեն նախկին մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները. փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս էր գրել, ապա ջնջել:
Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորները որոշել էին կոալիցիա կազմել ընդդեմ գործող մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, իսկ դա իր հերթին նշանակում էր ընդդիմանալ ոչ թե Ղուկասյանին, այլ նրան նշանակող Նիկոլ Փաշինյանի կամքին և քաղաքական որոշմանը: Փաստացի քաղաքական պայքարը տարատեսակ լծակների համար ՔՊ-ի ներսում այնքան է սրվել, որ բանը հասել է անգամ Փաշինյանի նշանակած կադրերի ոտքի տակ փորելուն: Վերը նշված խորհրդարանականների կոալիցիան, ըստ էության, ղեկավարում է Սյունիքի նախկին մարզպետ Արմեն Խաչատրյանը, ով չի հաշտվել մարզպետի պաշտոնը կորցնելու մտքի հետ:Սա միակ թեժ պայքարը չէ Սյունիքում՝ ՔՊ տարբեր թևերի միջև: Մամուլը վերջերս գրել էր, որ «Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում երկու թեւի են բաժանվել եւ, կարելի է ասել, պատերազմում են իրար դեմ: Մի թեւը համակարգում է Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մյուս թեւը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով: Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում:
Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այն համոզմանն է, որ հատկապես կառավարությունն ու առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն (պարզապես այլ բանով չզբաղվեն), որ պատվաստումների հարցը լուծեն: Այս մասին Թորոսյանն ասել էր լրատվականներից մեին տված հարցազրույցում: Դա փաստացի քննադատություն էր Ավանեսյանի հասցեին: Թորոսյանի քննադատությունը, սակայն, Ավանեսյանն այսպես է մեկնաբանում. «Մյուս բոլոր հիվանդությունները կամ, օրինակ, կապիտալ շինարարության ծրագրերը, նույնպես ուշադրություն են պահանջում»: Ուշագրավն այն է, որ Թորոսյան-Ավանեսյան հակամարտության մեջ Թորոսյանը, կարծես թե, արդեն բաց է խաղում: Նա Ավանեսյանին քննադատում է արդեն ոչ թե միջնորդավորված՝ տարբեր սորոսական խողովակների միջոցով, այլ իր իսկ անունից: Սա նշանակում է, որ նախկին նախարարը գնում է վա-բանկ: Մյուս կողմից' ուշագրավ է, որ Ավանեսյանը հիշատակում է կապիտալ շինարարության ծրագրերը: Դեկտեմբերի 1-ից ՊՎԾ-ն ընդլայնում է իր ներգրավվածությունը մեծածավալ շինարարական ծրագրերի վերահսկողության գործում, իսկ ԲԿ-ների կապիտալ շինարարությունն ավելի քան մեծածավալ է: Ստուգումները կարող են տարածվել նաև նախկին ղեկավարների օրոք իրականացրած ծախսերին:
Իր հերթին, երբ նախարար էր Արսեն Թորոսյանը, լարված էին նրա հարաբերությունները պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ: Զեյնալյան-Թորոսյան հարաբերությունների լարվածությունը երևան եկավ այն պահին, երբ հարցազրույցներից մեկում Զեյնալյանը մատնանշեց՝ համավարակի թեժ պահին Թորոսյանի արձակուրդ գնալու աննպատակահարմարությունը: «Կարծում եմ, որ արձակուրդ գնալն այս փուլում այնքան էլ նպատակահարմար չէր, քանի դեռ վարակակիրների՝ 100-ից ավելի հաստատված դեպքեր կան, հատկապես, որ առաջիկայում վերսկսվելու են բուհերի, դպրոցների աշխատանքը և նախապատրաստական աշխատանքները վերահսկելու անհրաժեշտություն է լինելու»,-ասել էր Զեյնալյանը։ Մամուլը անգամ գրում էր, որ Թորոսյանը ընտրություններից առաջ ծրագիր ուներ. նա ցանկանում էր, որպեսզի առողջապահության այն ժամանակվա նախարարի ԺՊ Ավանեսյանը խորհրդարանում զբաղեցնի ԱԺ առողջապահության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփեր. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից և իր մարդը կունենա այդ հանձնաժողովում: Թե ինչու այդ ծրագիրը ձախողվեց՝ դժվար է ասել:
Ամիսներ առաջ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ արդեն 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով Պապիկյանի համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել: Սա բացահայտ քայլ էր այդ նախագիծը կազմած հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այգին:
Վերջին շրջանում լարվել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի եւ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները: Ռոմանոս Պետրոսյանը մարզպետ աշխատած ժամանակահատվածում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ ձեռնարկություններում աշխատանքի էր տեղավորել իր բարեկամներին, ընկերներին, հեղափոխության ժամանակ իրենց հետ քայլածներին: Լարվածությունն այնպես է սրվել, որ մարզպետը որոշել է ազատվել Պետրոսյանի կադրերից, գուցե՝ հակառակը․ սկսել է ազատել Պետրոսյանի կադրերին, դրա համար են հարաբերությունները սրվել։ Ինչեւէ, սկսել է հենց Կոտայք ՋՕԸ-ից:
Վայոց ձորում ՔՊ թևերից մեկը ղեկավարում է Արարատ Գրիգորյանը, ով մարզպետի պաշտոնը զբաղեցնելով տիրապետում է բավական մեծ լծակների և փորձում է իշխանությունը մարզում պահել իր ձեռքում։ Մարզում դեռևս բավական մեծ ազդեցություն ունի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, ով հայտնի սկանդալից հետո լքեց պաշտոնը՝ այդ դիրքը զիջելով Արարատ Գրիգորյանին: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մարզից Սարգսյանը չի հեռացել, մարզպետարանում մինչ այսօր էլ շարունակում են աշխատել վերջինիս կադրերը: Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո և այն բանից հետո, ինչ Ջերմուկում ընտրվեց Վահագն Արսենյանը ակնհայտ է, որ մարզում մեծանում է նաև Արսենյանների ընտանիքի ազդեցությունը: Վայոց Ձորը՝ ընդհանրապես, իսկ Ջերմուկը՝ մասնավորապես, մշտապես համարվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր և օլիգարխ Աշոտ Արսենյանի ազդեցության ավանդական գոտին:
Շիրակի մարզում լավագույն կերպով է դրսևորվում այն ներթիմային պայքարը և բախումը, որն առկա է ՔՊ-ում' տարբեր կալիբրի նախկին և ներկա պաշտոնյաների միջև: Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ գործող մարզպետ և Գյումրիում ՔՊ-ի նախընտրական ցանկը գլխավորող Հովհաննես Հարությունյանը պաշտոնից հեռացվելու է։ Այդպիսի պահանջ էր ներկայացվել հենց Շիրակի մարզի ՔՊ տարածքային կառույցը։ Հովհաննիսյանից հետո այդ պաշտոնը կարճ ժամանակով զբաղեցրեց Նազելի Բաղդասարյանը, ով նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ մեկտեղ ակտիվորեն աշխատում էր սեփական դիրքերը մարզում ամրապնդելու, և իր նախորդի կարդրերից ձերբազատվելու համար: