Հեղափոխական պաշտոնյաները եկան փոխարինելու «նախկին թալանչիներին» մեկ գլխավոր խոստումով՝ ավելի բարեկեցիկ դարձնել քաղաքացիների կյանքը և թեթևացնել այն հարվածները, որոնք նախկինների կողմից հասցվում էին այդ նույն քաղաքացիների գրպանին:

Դիցուք՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ուսումնասիրություն է ընթանում կապված պարարտանյութերի գների կտրուկ թանկացման հետ: Դրանից հետո որևէ դրական մեսիջ գյուղացիները այս կառույցից այդպես էլ չստացան, Գևորգյանի ղեկավարած կառույցից հայտնեցին, որ պարարտանյութ ներկրող և սպառող օլիգարխները ստեղծված իրավիճակում որևէ մեղք չունեն, մեղավորը դրսի շուկան է, որտեղ գները կտրուկ թանկացել են, գյուղացին էլ եղունգ ունի՝ պետք է գլուխը քորի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հետ չի մնացել իր թիմակիցներից, հեղափոխության օրերին ամբիոնից և այնուհետև արդեն վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հրապարակայնորեն խոստանում էր ջրել գյուղացիական վարկերը և գյուղացիներին ազատել իր իսկ խոսքերով բանկային ստրկությունից: Մինչ օրս որևէ վարկ չի ջրվել, ավելին՝ բանկերը իշխանությունների լուռ համաձայնությամբ ավելի անտանելի են դարձրել գյուղվարկեր ստանալու պայմանները:

Առողջապահության նախարարությունը մի նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում էր պետական այն ծառայողներին, ովքեր չեն համաձայնվում պատվաստվել, պարտադրել ամիսը երկու անգամ սեփական գրպանի հաշվին թեստ անել և այդպես էլ արեցին:

Սահմանային շերտում լուսանկարահանումներ իրականացնելու համար «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանի առաջարկով սահմանվել է շուրջ 300 հազար դրամի տուգանք:

Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը նույն ԱԺ թեթե ձեռամբ այսուհետ առաջացնում է տուգանք' 30․000 – 50․000 դրամի չափով: Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում' էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելն առաջացնում է տուգանք' 50․000 – 60․000 դրամի չափով: Իսկ նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո' մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանք' 70․000 – 100․000 դրամի չափով:

Հետ չի մնացել Երևանի քաղաքապետարանը՝ հարվածելով քաղաքացիների գրպանին: Սվագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի եւ տուրքերի, բարձրացրեց նաեւ աղբահանության համար գանձվող վճարը: Հրաչյա Սարգսյանը որոշել էր պատժել նաև աղբը չթույլատրված վայրում նետողներին՝ 300 հազար դրամով:

Շրջակա միջավայրի նախարարությունը, որը այդ պահին ղեկավարում էր Ռոմանոս Պետրոսյանը շրջանառության մեջ դրեց օրենքի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։

Ջերմուկի համայնքապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին՝ Վահագն Արսենյանը, ըստ որոշ տեղեկությունների, կտրուկ ՝ շուրջ 40 անգամ բարձրացրել է անշարժ գույքի համար վճարվող հարկը:

ԱԺ թեթե ձեռամբ թանկացավ նաև գույքահարկը' դոմինոյի էֆֆեկտով թանկացումներ առաջացնելով նաև մյուս ոլորտներում: Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանն էին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի անգործության և ընդունած որոշման արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար պարարտանյութը և թունաքիմիկատները կտրուկ թանկացել են' հասնելով ընդհուպ 20 հազար դրամի: