Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո երկրում հաստատվել է սիրո և համերաշխության մթնոլորտ: Սակայն, հենց այդ նույն իշխանություններն ամենատարբեր կալիբրի չինովնիկների միջոցով առիթը բաց չեն թողնում իրենց իսկ հայտարարությունները կասկածի տակ դնելու համար: Բանն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել թավշյա պաշտոնյաների կողմից հպարտ քաղաքացիներին վիրավորելու, պիտակավորելու դեպքերը: Իհարկե, ժողովրդի կողմից իշխանության բերվածներն այսօր, թերևս, չունեն այդ ժողովրդի աջակցության կարիքը և կարող են իրենց թույլ տալ այս ժողովրդի տարբեր շերտերի հետ խոսել վերևից` մոռանալով, որ եկել էին ծառայելու և ոչ թե տիրելու: Ատելության խոսքի դեմ պայքարը նույնպես չի տալիս սպասված արդյունքները, քանի որ այդ վեհ գործին համացանցում այսօր լծված են հենց ՔՊ-ական պաշտոնյաները, ովքեր թիրախավորում են բոլորին՝ եկեղեցուն, արցախցիներին, և ընդհանրապես իրենց քաղաքական հայացքները չկիսող ցանկացած քաղաքացու:

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին «առնել» և մորթել։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում էր. «Վարչապետի հրաժարական պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց ընտանիքներին առնել մորթել»։ Կարճ ժամանակ անց նա խմբագրել էր գրառումը՝ հանելով «ընտանիքներին» բառը։ Գրառումը լայնորեն տարածվելուց և հասարակական կոշտ քննադատության արժանանալուց հետո հեռացվել էր: 

 

Վաղարշապատ համայնքի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն իր մի գրառման մեջ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ընդդիմադիրների եւ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հասցեին։

Նիկոլ Փաշինյանի աջակիցը հրապարակայնորեն ատելության խոսք է տարածում՝ Արցախի և արցախցիների նկատմամբ։ Ոմն Արսեն Ավագյան, որը, ըստ ՖԲ֊ում առկա տեղեկատվության, ապրում է Սիսիանում և ակնհակտորեն իր աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին, արցախցիների հասցեին ակնհայտ ատելության խոսք է հնչեցնում, ինչն, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է, և մեղադրում է արցախցիներին՝ Արցախը հանձնելու մեջ, նշում է, թե իբրև հայը տարիներ շարունակ աշխատել է, արցախցիներն էլ՝ կերել։

ԱԺ պատգամավոր  Լենա Նազարյանը իր էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառմամբ, որտեղ վերջինս առաջնագծում կանգնած տղաներին կոչ էր անում վերադառնալ և լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը: 

 

Իշխանական պատգամավորները, նախարարները տարածում են տեսանյութեր, որտեղ զինված մարդիկ սպառնում են սպանել իշխանության ընդդիմախոսներին։ Նման մի տեսանյութ է տարածել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Տարածված տեսանյութում խոսող «կամավորականը» իրականում վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Գառնիկ Վարդանյանն է։

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնականներից մեկն, անցնելով խորհրդարանի միջանցքով և տեսնելով լրագրողներին, նրանց հասցեին վիրավորական արտահայտություն է հնչեցրել։ Պատգամավորի օգնականը «դիշովկա» է անվանել լրագրողներին, ինչը նույնպես հրապարակային վիրավորանք է:

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը գերի ընկնելու վերաբերյալ ծաղրական գրառում է կատարել Ֆեյսբուքում: Գրառման մեջ վերջինս նշել էր. «Մանր չունեցող տաքսու վարորդները մահվանից հետո գերի են ընկնելու»:

Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականության դեմ արտահայտվողներին անվանել էր «պատերի տակ վնգստացողներ»։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներից Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը եւ այլք աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

ՔՊ-ականները հրապարակավ անհարգալից են վարվել նաև իրենց աշխտանքը կատարող ԶԼՄ-ի ներկայացուցիչների նկատմամբ։

Քրիստինե Պողոսյանը վիրավորում էր լրագրողներին և փորձում հարվածել։