Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ԱԺ ամբիոնից պահանջում, որպեսզի գույք նվիրատվություն ստացած պաշտոնյաները դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, այն պատճառով, որ այստեղ Փաշինյանը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում:
Հեղափոխությունից հետո Հայաստանի զանգվածային լրատվության միջոցները հեղեղված են մեր տարբեր մակարդակի պաշտոնյաների ու նրանց հարազատների ստացած ահռելի եկամուտների մասին հրապարակումներով։ Ընդ որում, այդ հրապարակումների համար հիմք են հանդիսանում խիստ պաշտոնական փաստաթղթեր։ Խոսքը պաշտոնյաների ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի մասին է, որոնք տեղադրված են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Հայտարարագրերում առավել ուշագրավ կետերից մեկը վերաբերվում է նվերներին. պարզվում է՝ նոր Հայաստանի պաշտոնյաները նախկիններից պակաս հոժարակամ չեն նվերներ ստանալու հարցում և նույնքան ջանասիրաբար էլ թաքցնում են այդ նվերների նախապատմությունները:
Դիցուք՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բաժնում նշել է 580 000 ռուսական ռուբլի եկամտի մասին:
Եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։
Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնած Համլետ Մանուկյանը նվիրատվություն է ստացել միանգամից 5 ավտոմեքենա՝ OPEL, TOYOTA, MITSUBISHI, VOLKSWAGEN, PORSCHE:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նույնպես ճոխ նվիրատվություններ է ստացել։ Դիցուք' Էլբեկ Երեմի Քյարամյանը՝ գրանցված Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, 2016 թվականի հունվարի 29-ին նոտարական վավերացմամբ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր է կնքել Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հետ՝ նրան նվիրաբերելով կամ անհատույց սեփականության հանձնելով Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2 բնակելի տունը՝ հողամասով եւ շինությունով ամբողջությամբ։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կինը որպես նվիրատվություն է ստացել 1,760,550.00 դրամ, 370,000.00 և 160,000.00 ռուսական ռուբլի:
Խիստ ուշագրավ է նաև նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե 2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավորը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:
Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար
Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանի ներկայացրած ֆինանսական հայտարարագիրը ևս ուշագրավ է: Այսպես, վերջինս «Մեյջոր Փարթներս» ՓԲԸ-ին 2,000,000.00 ՀՀ դրամի հանձնած և վերադարձված փոխառություն է հայտարարագրել, «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ից 850,000.00 ՀՀ դրամի փոխառություն: Գագիկ Վասիլի Հովսեփյանից որպես նվիրատվություն պաշտոնյան ստացել է 400,000.00 դրամ, Ռաչ Միքայելյանից՝ 440,000.00 դրամ, Միքայել Ադիլխանյանից՝ 220,000.00 դրամ և 4000 ԱՄՆ դոլար: Ի դեպ, Ադիլխարյանը հենց «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ի տնօրենն է
ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անչափ ուշագրավ նվիրատվություն է ստացել՝ հողամաս և ավտոտնակ, մի դեպքում, երբ տրանսպորտային որևէ միջոց նա չի հայտարարագրել:
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը որպես եկամուտ ստացել է 1 մլն 504 հազար դրամ, որից 800 հազար դրամը եղել է նվիրատվություն, իսկ մնացածը՝ աշխատավարձ և այլ եկամուտ: Ինչ վերաբերում է 800 000 դրամ նվիրատվությանը, այն ստացել է ծնողներից 4 ամսվա ընթացքում՝ ամսական 200 000 դրամի չափով