Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ԱԺ ամբիոնից պահանջում, որպեսզի գույք նվիրատվություն և ժառանգություն ստացած պաշտոնյաները դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, այն պատճառով, որ այստեղ Փաշինյանը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում: Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս, կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Սակայն մինչ այս պահը ՔՊ-ական պաշտոնյաները լի ու բոլ օգտվել են օրենքի բացից և խոշոր նվիրատվություններ ու ժառանգություն ստացել, որոնք, սակայն, Փաշինյանի համար այլևս կոռուպցիոն ռիսկ չեն ներկայացնում: Ավելին, ԱԺ-ում քննարկվում է մի նախագիծ, որով պաշտոնյաներին կարող է թույլատրվել չհաշվառել նվերների մի շարք տեսակներ: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիոն ռիսկերի ավելացում..
Դիցուք՝ եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 12,000,000.00 դրամի եկամուտ է ստացել «Աբովյան 39» ՍՊԸ-ի իր շահաբաժնից: Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․-ից ի վեր տվել է վարձակալության:
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը որպես եկամուտ ստացել է 1 մլն 504 հազար դրամ, որից 800 հազար դրամը եղել է ժառանգություն, իսկ մնացածը՝ աշխատավարձ և այլ եկամուտ: Ինչ վերաբերում է 800 000 դրամ նվիրատվությանը, այն ստացել է ծնողներից 4 ամսվա ընթացքում՝ ամսական 200 000 դրամի չափով:
Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար:
ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը անչափ ուշագրավ նվեր է ստացել՝ հողամաս և ավտոտնակ, մի դեպքում, երբ տրանսպորտային որևէ միջոց նա չի հայտարարագրել:
2020-ին Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնած Համլետ Մանուկյանը նվիրատվություն է ստացել միանգամից 5 ավտոմեքենա՝ OPEL,TOYOTA. MITSUBISHI, VOLKSWAGEN, PORSCHE:
Ակունք համայնքի ղեկավարի տեղակալ Արման Միքայելյանը որպես ժառանգություն է ստացել անհատական բնակելի տուն և հողամաս, ինչպես նաև Օպել մարդատար ավտոմեքենա։
Արամ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2017 թ.-ից եւ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի 10 մլն դրամ գումար, մեկ անհատական բնակելի տուն եւ «Mercedes Benz E 500» մակնիշի մեքենա։ Նույն տարվա տարեկան հայտարարագրից երեւում է, որ Հովհաննիսյանը որպես ժառանգություն ստացել է բնակելի տուն, հողամաս եւ «VAZ21061» մակնիշի ավտոմեքենա: Ժառանգության ընդհանուր արժեքը մոտ 6 մլն դրամ է։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, նա ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։
2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո բարձրաստիճան պաշտոնյա դարձած Բագրատ Բադալյանը, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից է, կնոջ՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանի հետ համատեղ սեփականության իրավունքով տուն է գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։ Գործարքը կայացել է 2021-ի ապրիլի 28-ին, գրանցում ստացել՝ մայիսի 6-ին (հենց այս ամսաթիվն են Բադալյանն ու կինը նշել իրենց հայտարարագրերում)։ Ընդ որում՝ Բադալյանն իր հայտարարագրում տունը ներկայացրել է «դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած գույքի» տողով, իսկ կինն այն նշել է որպես «անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված» Պարզվում է, որ այդ բնակարանն էր Բադալյանը ժառանգություն է ստացել: