ՔՊ-ական պաշտոնյաները հեղափոխությունից հետո աչքի են ընկնում ոչ այնքան իրենց բուռն աշխատանքով, որքան արտահայտած տեղ-տեղ զավեշտալի, իսկ տեղ-տեղ էլ աբսուրդային մտքերով, որոնց ծաղկաքաղն էլ այսօր կներկայացնենք ձեր ուշադրությանը:
Դիցուք՝ «Կարող եք երաշխավորել, որ այստեղից դուրս եք գալու ու տուն եք հասնելու»: Սա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի պատասխանն է լրագրողի՝ սահմանային իրավիճակին վերաբերող շատ կարևոր մի հարցին: Լրագրողը ցանկանում էր պարզապես իմանալ՝ երաշխիք կա՞, որ Սյունիքից նոր տարածքներ չեն զիջվելու: Սակայն հարցին պատասխանելու փոխարեն պատգամավորը որոշեց բորբոքվել եւ հարձակվել լրագրողի վրա:
Ամիսներ առաջ ՔՊ-ական պատգամավոր էդուարդ Աղաջանյանն արել էր մի հայտարարություն, որը, մեղմ ասած, հումորի իրական առարկա էր դարձել հայաստանյան սոցիալական ցանցերի տիրույթում: Նա, մասնավորապես, նշել էր, որ հայկական միջին վիճակագրական ոչ մի խնջույք չի անցնում առանց թմրամիջոց օգտագործելու: Իհարկե, հասկանալի է, որ դա, մեղմ ասած, այդպես չէ, գուցե նաև պատգամավորն է այլ իմաստ դրել իր արած հայտարարության մեջ, սակայն ստացվել է այն, ինչ ստացվել է:
Հովիկ Աղազարյանը պարզապես փայլել է իր մտքի գոհարներով, ՏԻՄ ընտրություններից հետո հայտարարելով, թե որտեղ չի հաղթել ՔՊ-ն՝ հաղթել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունները պարբերաբար դառնում են անեկդոտի թեմա: Մեկ նախարարը գյուղացիներին ուղարկում է այթի ոլորտ յուրացնելու, մեկ էլ հայտարարում է հորդացող ներդրումների մասին:
Պատգամավոր Արփի Դավոյանը պնդում էր, որ երկրի թիվ մեկ խնդիրը ընդդիմությունն է։
Համացանցը դեռ երկար ժամանակ էր ծաղրում պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտնի ելույթը։