Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել և պետական բյուջեից արտոնություններ ստանալ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արտոնյալ պաշտոնյաների և նրանց ազգականների տասնյակը:

Դիցուք՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։ Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։ Վերանորոգվող տանիքի մակերեսը ավելի քան 3 800 քառակուսի մետր է։ Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 90 օրվա ընթացքում։ Սա, անշուշտ, միակ դեպքը չէ, երբ պետական պաշտոնյաների ընտանիքներին պատկանող բիզնեսներին նման բոնուսներ են բաժին հասնում: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։ Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։ Իսկ ամենախոշոր պայմանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը պատկանող «Արմֆարմաիցա» ՓԲԸ-ն, որտեղ ղեկավարի պաշտոնում եղել են նաև Ավանեսյանն ու ամուսինը, պետական մարմինների հետ 2022-ին կնքել են 22 պայմանագիր։ Ընկերությունը մեծամասանբ մատակարարել է դեղորայք, առողջապահական և լաբորատոր նյութեր՝ ընդհանուր 126 մլն դրամի։ Հատկանշական է, որ ընկերության հետ երեք պայմանագիր է կնքել Ավանեսյանի ղեկավարած առողջապահության նախարարությունը՝ 89 մլն դրամի։

2018 թվականի նոյեմբերի 14-ին Թալինի համայնքապետարանը երկու պայմանագիր էր կնքել Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանին պատկանող «Ֆրիներջի» ընկերության հետ։ Գործարքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 7.2 միլիոն դրամ:

Կառավարությունը 3.8 միլիարդ դրամի ներդրման դիմաց 250 միլիոն դրամի մաքսային արտոնություն է տվել «Ջերմուկ գրուպ» ընկերությանը։ Ըստ ընդունված որոշման՝ այս ընկերությունն արդեն իրականացրել է 70․7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Հիշեցնենք, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատերն Ազգային ժողովի նախկին պատգամավոր (ՀՀԿ) Աշոտ Արսենյանն է, որի որդին՝ Վահագն Արսենյանը, 2021 թվականի ավագանու ընտրություններին գլխավորում էր ՔՊ ցուցակը և հենց այդ ցուցակով էլ դարձավ խոշորացված Ջերմուկ համայնքի ղեկավար։

Դեռեւս անցած տարվա հունվարին «Ազգային կամուրջ» ՀԿ-ն 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կառավարության կողմից Երեւանի կենտրոնում տարածք ստացավ։ Խոսքն Արշակունյաց պողոտա 4 հասցեում գտնվող տարածքի մասին է։ Դիցուք՝ Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևանի Կենտրոն համայնքի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ««Ազգային կամուրջ» ենթակառուցվածքների հզորացման և մարդկային ներուժի զարգացում» ՀԿ-ին: Կազմակերպության նպատակն է զարգացնել ու փորձարկել գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծել «Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն» շնորհալի երեխաների և երիտասարդների համար: Բացի այդ, ՀԿ-ի ներկայացրած ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել ԱՄՆ-ից ՀՀ շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաների և ավտոբուսների որոշակի քանակի ներկրում։ Պարզվում է, որ այս հասարակական կազմակերպության նախագահն Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն է։ 

2022թ. փետրվար ամսին ԿԳՄՍ ախարարության և թվով 18 տարածքային մանկավարժական աջակցության կենտրոնների (այսուհետ ՏՄԱԿ), ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ-ի (Տավուշի մարզ), «Ձեզ համար ԲՀԿ» (Արարատի մարզ), և «Մանկական զարգացման հիմնադրամի» (Վայոց Ձորի մարզ) միջև կնքված «Պետության կողմից դրամաշնորհի ձևով ֆինանսական միջոցների օգտագործման» պայմանագրերով նախատեսվել է 2,690,904.1 հազ. դրամ: Ընդ որում, նախարարությունը պատշաճ հսկողություն չի սահմանել պետական միջոցների վրա և ՏՄԱԿ-ներից չի պահանջել 2021թ. տարեվերջյան մնացորդը փոխանցել պետական բյուջե, ինչի արդյունքում Աշտարակի, Վանաձորի, և Գեղարքունիքի ՏՄԱԿ-ներում տարեսկզբին առաջացել է 23,791.8 հազ. դրամի դեբիտորական պարտք: Հույսի կամուրջ ՀԿ-ի հիմնադիր նախագահն է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Կառավարությունը մաքսային արտոնություն էր տվել «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արտաշես Պետրոսյանի ընտանիքին: Արտաշես Պետրոսյանը, մինչ օրենսդիրում աշխատանքի անցնելը, եղել է այս ընկերության փոխտնօրենը:

Ազգային ժողովի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույքի» հետ պետական և համայնքային մարմինները 2022-ին կնքել են 29 պայմանագիր։ Ընկերությունը ամենատարբեր մարմիններին մատակարարել է մոտ 51 մլն դրամի կահույք։