Երևանի վարչական շրջանի ղեկավարները աչքի են ընկնում ոչ այնքան հանուն իրենց համայնքի բարեկեցության բուռն աշխատանքով, այլ, որպես կանոն, տարաբնույթ սկանդալներով և ռեզոնանսային պատմություններով, որոնց կիզակետում էլ նախանձելի հաճախականությամբ հայտնվում են: Այսօր առանձնացրել ենք 10 դեպք, երբ Երևանի թաղապետերը և նրանց տեղակալները հայտնվել են այսպես ասենք՝ պիկանտ պատմությունների կենտրոնում:
2021-ին ինքնակամ ոստիկանության Մաշտոցի բաժին էր ներկայացել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գևորգ Գալստյանը, ով կասկածվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ։ Սակայն, ոստիկանություն էր ներկայացել նաև փոխթաղապետը։ Վերջինս ոստիկանությունում նաև խոստովանել է, որ մինչ Գ. Գասպարյանի կողմից մի քանի «մուշտի ուտելը», ինքը հեռախոսով վիճաբանել է նրա հետ և սեռական բնույթի հայհոյանք է տվել, ինչի համար էլ Գ. Գասպարյանը հետո նրան տեսել ու «քոթակել է»։
Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղի ունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել։ Ըստ ականատեսի՝ Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը' իր մարդկանց հետ, ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Վիճաբանությունը ծագել է կնոջ թեմայով։ Մամուլի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու» ռեստորանից ոչ հեռու, որը գտնվում է Պուշկինի 38 հասցեում, իսկ պատճառն այն է եղել, որ ծեծված տղամարդիկ անհարգալից են արտահայտվել Անահիտ Սիմոնյանի հասցեին։ Կենտրոնի թաղապետն էլ ցանկացել է նրանց պատժել' երգչուհու թասիբին կանգնելով։
Ամիսներ առաջ մամուլը գրեց, որ Կենտրոնի թաղապետի տեղակալը անմիջապես թաղապետարանի շենքում ծեծկռտուք է սարքել, իր շքախմբով հարձակվել է թաղապետարանի մեկ այլ աշխատակցի վրա։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։
Այս տարվա սկզբին Ավան վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եղբայրը՝ Վահե Հակոբյանը: Պետք է նշել, որ վերջինիս պաշտոնավարման սկիզբը արդեն իսկ աչքի ընկավ սկանդալով: Բանն այն է, որ արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրին՝ Լիանա Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ իրեն աշխատանքից ազատել է Ավան վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վահե Հակոբյանը: Պարզվում է, սակայն, որ վարչական շրջանի ղեկավարը չի ցանկացել նրան աշխատանքից ազատել՝ մինչ այն պահը, երբ տիկին Աղաջանյանը սկսել է բարոյահոգեբանական բացասական միջավայր ձևավորել: Թե ինչպես ու ինչ չափանիշներով էր մեկ ու կես ամիս վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հակոբյանը որոշել, որ Լիանա Աղաջանյանը ոչ կոմպետենտ է, հավանաբար գիտի միայն ինքը:
2021-ին հրաժարական էր ներկայացրել Աջափնյակի թաղապետ Հայկ Մհերյանը։ Շատերի կարծիքով՝ դա կապված էր այն հանգամանքի հետ, որ Աջափնյակ վարչական շրջանում գործում էին կրիմինալ խմբավորումներ։ 40–50 հոգուց բաղկացած խմբավորումները մեկ գիշերում բազմաթիվ ապօրինի կրպակներ էին տեղադրել առանց քաղաքապետարանի թույլտվության, ինչից հետո էլ Մհերյանը հրաժարական ներկայացրեց։
Դավթաշենի համայնքապետ է նշանակվել Ռոման Համբարձումյամը, ով ընդամենը 3 ամիս է եղել Կենտրոնական ավտոկայանի տնօրեն։ Դեռ այն ժամանակ, երբ նա ավտոկայանի տնօրենն էր, նրանից դժգոհ էին, քանի որ երիտասարդ փաշինյանականը միայն հասցրել էր տեղանքի զուգարանները նորոգել' գին սահմանելով 100 դրամ։
Ամիսներ առաջ իր ոչ կոմպետենտությամբ աչքի ընկավ Արաբիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։ Բանն այն է, որ շինարարական աղբի թափման խպատճառով ջրագծի վթար էր տեղի ունեցել Երևանում՝ Կորեայի ձորում։ Երևանի քաղաքապետարանի նիստում անդրադառնալով իրավիճակին՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ասաց, որ քաղաքացին արդեն երրորդ անգամն է նույն գործողությունն անում, երկու անգամ ապօրինի շինություն է սարքել, քանդել են, բայց չեն կարողանում քաղաքացուն կասեցնել։
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ընդամենը մեկ տարի առաջ նյութեր էին նախապատրաստվում։ Լրատվամիջոցներից մեկում հայտնվել էր հրապարակում, որում նշված էր, որ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության։ Սակայն դա չխանգարեց, որպեսզի նախկին թաղապետը մեկ այլ, ոչ պակաս բարձր պաշտոն ստանա։
Ռեզոնանսային պատմության կիզակետում էր հայտնվել նաև այն ժամանակ դեռ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Սաշա Կատվալյանը։ Եռաբլուրում կարմիր բերետավորների կողմից զոհված զինծառայողների ծնողների դեմ կատարված բռնությունից հետո նա գրառում էր կատարել։ «Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում' ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե’րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր թաղապետը։ Ինչն էլ նրան, թերևս, չէր ներվել։