Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում, իսկ պատճառը ոչ այնքան վերջիններիս բուռն աշխատանքային գործունեությունն է, որքան՝ պաշտոնանկությունները, այնուհետև փոխատեղված վերանշանակումների շքերթը: Շատերը այդ հրաժարականների տակ տեսնում են կոռուպցիոն ռիսկեր, որովհետև հրաժարականներին որպես կանոն նախորդում էին վերջիններիս հասցեին հնչեցված սուր մեղադրանքները: Վերջին հրաժարականն էլ երեկ էր, երբ պաշտոնին հրաժեշտ տվեց Աջափնյակի թաղապետը: Շատերի կարծիքով` պատճառը նրա 150 հազար դոլար արժողությամբ տունն էր, քանի որ համաձայնեք՝ դժվար է պատկերացնել, որ անգամ թաղապետի ոչ փոքր աշխատավարձով հնարավոր է այդքան ճոխ կենցաղ կազմակերպել: Ըստ արդեն նախկին թաղապետ Գևորգ Բաբայանի` նա որևէ բիզնես չուներ, ինչը չես ասի վերջինիս կոլեգաների մասին: Ընդհանրապես, Երևանի վարչական շրջանների ղեկավարների կազմը բիզնես համայնքի տպավորություն է թողնում: Օրինակ՝ Նուբարաշենի նախկին և Աջափնյակի արդեն ներկայիս թաղապետ Թելման Թադևոսյանը ունի անչափ հետաքրքիր գործարար-կենսագրություն: Վերջինս հանդիսանում է «Գրին Վեյ Թրեվլ» տուրիստական ընկերության հիմնադիր սեփականատերը:
 
Դրանից զատ, սակայն, Թադևոսյանի կենսագրությունում նշվում է նաև «Բեսթ Լայթ» ՍՊԸ հիմնադիր լինելը: Համաձայն պետական ռեգիստրի ՝ այս ընկերության սեփականատեր է հանդիսանում հետևյալ անձը.
 
Կան բիզնեսներ, որոնց մասին Թադևոսյանը մոռացել է հիշատակել իր պաշտոնական կենսագրության մեջ: Խոսքը «Զարա» ՍՊԸ-ի մասին է, որի պատմությունը անչափ ուշագրավ է: Մետրոպոլիտենի հետ վարձակալության պայմանագիր ունի «Զարա» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը տնօրինում է «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահը՝ 38,4մ², որի համար վճարում է մոտ 134,500 դրամ։ Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2013 թ․ մարտին՝ 25 տարի ժամկետով։
 
«Զարա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թ․ փետրվարի 25-ին, այսինքն՝ պայմանագրի կնքումից 18 օր առաջ։ Հաշվի առնելով այն փաստը, որ նորաստեղծ ընկերության տնօրենն էր Գուրգեն Յուրիի Մինասյանը, որը Մետրոպոլիտենի աշխատակից է՝ տպավորություն է ստեղծվում, թե ընկերությունը ստեղծվել է Մետրոպոլիտենում տարածքներ վարձակալելու նպատակով։ Ընկերության ստեղծման պահին դրա բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում էր Նուբարաշեն վարչական շրջանի նախկին և Աջափնյակ վարչական շրջանի այժմյան ղեկավար Թելման Թադևոսյանին։
 
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանն իր հերթին նույնպես բիզնեսմեն է: Նրա կենսագրությունում նշվում է, որ նա 2011թ. եղել է «Բեստ-Հաուզ» ՍՊԸ-ի հիմնադիրը:
 
 
Ինքը՝ Կարապետյանը, խոստովանել է, որ ժամանակին զբաղվել է նաև բժշկական սարքերի վաճառքով: Թերևս, խոսքը «Նուգա Հաուզ» ՍՊԸ-ի մասին է, որի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի, նույն անձն է, ով հանդիսանում էր «Բեսթ Հաուզի» սեփականատեր:
 
2018-ին Կարապետյանի եկամուտները ձեռնարկատիրական գործունեությունից կազմել են 12,000,000.00 ՀՀ դրամ: