Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ԱԺ ամբիոնից պահանջում, որպեսզի գույք նվիրատվություն և ժառանգություն ստացած պաշտոնյաները դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, այն պատճառով, որ այստեղ Փաշինյանը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում: Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս, կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Սակայն մինչ այս պահը ՔՊ-ական պաշտոնյաները լի ու բոլ օգտվել են օրենքի բացից և խոշոր նվիրատվություններ ու ժառանգություն ստացել, որոնք, սակայն, Փաշինյանի համար այլևս կոռուպցիոն ռիսկ չեն ներկայացնում: Ավելին՝ ԱԺ-ում քննարկվում է մի նախագիծ, որով պաշտոնյաներին կարող է թույլատրվել չհաշվառել նվերների մի շարք տեսակներ: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիոն ռիսկերի ավելացում..

Ակունք համայնքի ղեկավարի տեղակալ Արման Միքայելյանը որպես ժառանգություն է ստացել անհատական բնակելի տուն և հողամաս, ինչպես նաև Օպել մարդատար ավտոմեքենա։

Արամ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2017 թ.-ից եւ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի 10 մլն դրամ գումար, մեկ անհատական բնակելի տուն եւ «Mercedes Benz E 500» մակնիշի մեքենա։ Նույն տարվա տարեկան հայտարարագրից երեւում է, որ Հովհաննիսյանը որպես ժառանգություն ստացել է բնակելի տուն, հողամաս եւ «VAZ21061» մակնիշի ավտոմեքենա: Ժառանգության ընդհանուր արժեքը մոտ 6 մլն դրամ է։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, նա ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։

2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո բարձրաստիճան պաշտոնյա դարձած Բագրատ Բադալյանը, ով վարչապետի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալն է, կնոջ՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանի հետ համատեղ սեփականության իրավունքով տուն է գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։ Գործարքը կայացել է 2021-ի ապրիլի 28-ին, գրանցում ստացել՝ մայիսի 6-ին (հենց այս ամսաթիվն են Բադալյանն ու կինը նշել իրենց հայտարարագրերում)։ Ընդ որում՝ Բադալյանն իր հայտարարագրում տունը ներկայացրել է «դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած գույքի» տողով, իսկ կինն այն նշել է որպես «անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված» Պարզվում է, որ այդ բնակարանն էր Բադալյանը ժառանգություն է ստացել:

2022 թվականի մարտի 13-ին երդում տված եւ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձած Վահագն Խաչատուրյանն իրեն պատկանող անշարժ գույքերը կա՛մ նվիրատվություն է ստացել, կա՛մ ժառանգել։ Օրինակ՝ 2002 թվականին նա նվիրատվություն է ստացել Երեւանի Կենտրոնում գտնվող բնակարան եւ ավտոտնակ, իսկ 2017 թվականին էլ երկու հողամաս է ժառանգություն ստացել, որոնցից մեկը՝ Արաբկիրում, մեկը՝ Ձորաղբյուրում։

Լենա Նազարյանը ևս ներկայացրել է իր հայտարարագիրը։ Վերջինս հայտարարագրել է Ծաղկաձորի և Առինջի բնակարանները, որոնց համասեփականատերն է ամուսնու հետ, սակայն Նազարյանը դեռ 2009 թվականին Նորք-Մարաշում անհատական բնակելի տուն է ժառանգություն ստացել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 12,000,000.00 դրամի եկամուտ է ստացել «Աբովյան 39» ՍՊԸ-ի իր շահաբաժնից: Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․-ից ի վեր տվել է վարձակալության:

Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը հայտարարագրել է 2021-ին ժառանգություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, որոնք գտնվում են Առինջ համայնքում:

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հայտարարագրել է 3 բնակարան եւ 1 ավտոտնակ: Իհարկե, բնակարաններից երկուսը եւ ավտոտնակը, որոնք գտնվում են Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ վարչական շրջաններում, ժառանգություն է ստացել թաղապետը, իսկ մյուս բնակարանը գնել է Կենտրոն վարչական շրջանում:

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ 2020 թվականին ժառանգություն է ստացել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: