Գաղտնիք չէ, որ ՔՊ-ական պաշտոնյաները աչքի չեն ընկնում սեփական խոստումները կատարելու պատրաստակամությամբ, սակայն, շատ հաճախ էլ նրանք պարզապես ապակողմնորոշում են հանրությանը` սկզբում մեկ, իսկ կարճ ժամանակ անց ամբողջությամբ այլ մեսիջներ հղելով։
Դիցուք` պանդեմիայի ամենաթաժ փուլում, առոդջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը հասարակությանը համոզում և պարտադրում էր դիմակ կրել` պնդելով, որ այն պաշտպանում է վարակից։ Այնուհետև, երբ դիմակի կրումը դարձավ պարտադիր, Թորոսյանը ստիպված ընդունեց, որ դիմակը ընդամենը կարող է նվազեցնել վարակվելու հավանականությունը։
Արսեն Թորոսյանից հեռու չի գնացել նաև վերջինիս քաղաքական թիմի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը պանդեմիայի առաջին օրերին հայտարարում էր, թե ում շունն է կորոնավիրուսը, որ այն կարելի է հաղթահարել արաղով և պինցետով, իսկ շաբաթներ անց արտակարգ դրություն էր մտցնում և հայտարարում, որ բախվել ենք աննախադեպ դժվարությունների։
Սոցապ նախկին նախարար Զարա Բաթոյանը կենսաթոշակները բարձրացնելու խոստում տալուց ընդամենը շաբաթներ անց ստիպված էր խոստովանել, որ տվյալ պահին բյուջեում դրա համար անհրաժեշտ և բավարար գումար չկա։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ամիսներ առաջ գյուղացիներին համոզում էր թողնել վար ու ցանք անելը և գնալ այթի ոլորտ, այսօր էլ Քերոբյանը այդ նույն գյուղացիներին կոչ է անում և հորդորում է մշակել սեփական հողերը, քանի որ դրան այլընտրանք չկա։
Առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը պաշտոնը ստանձնելիս տարբեր առիթներով նշում էր, որ ամեն հնարավոր բանն անելու է բնակչությանը պատշաճ բժշկական ծառայություններով ապահովելու համար, դրան հաջորդեց օրինակ պետպատվերի վերացումը, քաղաքացիների իրավունքները խախտող որոշումների ընդունումը։
Նույն օրը, երբ ադրբեջանցիների կողմից փակվեց Գորիս-Կապան ճանապարհը ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հանգստացնում էր հանրությանը և վստահեցնում, որ մինչև երեկո խնդիրը հարթված կլինի, ճանապարհն էլ կբացվի։ Իհարկե, այդպես չեղավ և պատգամավորը չէր կարող տեղյակ չլինել, որ սին հույսեր է տալիս հանրությանը, քանի որ ճանապարհը փակվել էր ոչ թե սպոնտան, այլ իր քաղաքական թիմի ղեկավարների ստորագրությամբ և թողտվությամբ։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս աչքի է ընկել հանրությանը ապակողմնորոշող պնդումներով։ ԱԽ քարտուղարը, մասնավորապես, նշել էր, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս։ Սակայն, իրականությունը նրանում է, որ ԱՊՀ կազմավորման ժամանակ ոչ թե սահմաններ են ճանաչվել, այլ ԱՊՀ մասնակից երկրների տարածքային ամբողջականությունները։Տարածքային ամբողջականությունը սահմանների ճանաչում չէ։ Ադրբեջանի դեպքում տարածքային ամբողջականությունը 1991 թվականի դեկտեմբերին (ԱՊՀ կազմավորման ժամանակ), Ադրբեջանն արդեն հռչակել էր իր անկախությունն ու հռչակվել 1918-1920 թվերի Ադրբեջանի իրավահավահաջորդ, որի կազմում Արցախը բացակայում էր։
Ինչպես տեսնում ենք՝ վերը նշվածները դասական պոպուլիզմի վառ օրինակներ են, որոնց ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները չեն խորշում դիմել ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով: Արդյունքում` ունենում ենք խաբված, սին հույսերով կերակրված և ապակողնորոշված հանրություն, իսկ ՔՊ-ական պաշտոնյաները, ինչպես միշտ, ջրից չոր են դուրս գալիս...