Հեղափոխությունից անմիջապես հետո շատ կարճ ժամանակում նորաթուխ իշխանավորները դարձան այն պաշտոնյաները, որոնց հետ հանրությունը փոփոխությունների իրական հույսեր էր կապում: Հեղափոխական թիմի անդամները ասոցացվում էին փոփոխությունների, նոր քաղաքական գծի, հնի և հին քաղաքական ավանդույթների մերժման հետ: Հեղափոխությունից անցել է ընդամենը երկու տարի, սակայն արդեն իսկ կարող ենք փաստել, որ երկու տարի առաջվա օրվա հերոսները այսօր հակահերոսի դերում են՝ լինելով հանրության ամեն լուրջ և խորքային քննադատության թիրախում: Դիցուք՝ ներկայացնենք իշխանության ամենաշատ քննադատվող դեմքերի 5-յակը:
Առաջին տեղում, իհարկե, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Վերջինս նշանակվելու օրից սկսած համարվում էր գործող իշխանությունների ամենաառաջադեմ անդամներից մեկը, նրա պատվին անգամ ֆան ակումբ էր գործում ֆեյսբուք սոցիալական ցանցում, Թորոսյանին էլ հեղափոխականները անվանում էին մեր «սրտի նախարար»: Խոսվում էր անգամ այն մասին, որ Թորոսյանի վարկանիշը ավելի բարձր է, քան վարչապետ Փաշինյանինը: Անցել է երկու տարի, և այսօր Արսեն Թորոսյանը այն պաշտոնյան է, ում հրաժարականը, կարծես թե, օրերի հարց է, և այդ պահանջը առաջ է քաշում հանրության գերակշիռ մասը: Պատճառն էլ համակարգում տիրող կոռուպցիան է, ԽԾԲ-ն և հովանավորչությունը և, իհարկե, ամենագլխավորը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի տոտալ տապալումն էր, ինչը 1000-ից ավել մարդու կյանք է արժեցել:
Երկրորդ տեղում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է: Վերջինս Փաշինյանի հետ Գյումրիից Երևան քայլող փոքրաթիվ պաշտոնյաների շարքում էր՝ հեղափոխության առաջամարտիկներից մեկը: Այսօր Հարությունյանի հրաժարականը չի պահանջում միայն ալարկոտը: Պատճառները թերևս նույնն են՝ ոլորտային լրջագույն տապալումները՝ դպրոցներում սեռական դաստիարակության դասաժամեր ներդնելուց մինչև պատմության դասագրքերի չափորոշիչների փոփոխություն, ԲՈՒՀ-ից Հայոց պատմություն առարկայի, իսկ դպրոցներից՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դուրսբերումը:
Երրորդ տեղում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մարությանի հետ երևանցիները առանձնհատուկ հույսեր էին կապում, նա հայտնի և հրապարակային դեմքերից թերևս առաջինն էր, ով միացավ Նիկոլ Փաշինյանին հեղափոխության հրապարակում՝ իր աջակցությունը հայտնելով իշխանափոխության շարժմանը: Այնուհետև Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ՝ հավաքելով 80 տոկոս ձայն և տալով բազմաթիվ հեղափոխական խոստումներ: Արդյունքում` այսօր հասարակության մի ստվար զանգված, այդ թվում` նրան քվե տվողները, պահանջում են վերջինիս հրաժարականը: Մարությանը ոչ միայն չի կատարել իր խոստումները, այլ նաև հաջողացրել է 0-ի հասցնել իր երբեմնի բարձր վարկանիշը քաղաքապետարանում տիրող կոռուպցիայով, օլիգարխներից շինթույլտվություն տալու դիմաց ստացված Կամազներով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հայտնվելով:
Չորրորդ տեղում է նախկինում Կոտայքի մարզպետ, այսօր արդեն շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ով նույնպես ժամանակին համարվում էր հեղափոխության սիմվոլներից մեկը: Կոտայքի մարզպետ նշանակվելիս նա հայտարարում էր, որ հեղափոխությունը տանում է մարզ, սակայն ակնհայտ է, որ Պետրոսյանը այս հարցում որևէ հաջողություն չգրանցեց` արժանանալով քննադատությունների անգամ իր իսկ թիմակիցների կողմից: Միակ բանը, ինչով աչքի ընկավ Ռոմանոս Պետրոսյանը, դա քաղաքական ինտրիգներ հյուսելը և տարբեր քաղաքական ռազբորկաների մեջ հայտնվելն էր:
Հինգերորդ տեղում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Սարգսյանը հեղափոխության իսկական սիմվոլն էր. առաջին գյուղապետը, իսկ փաստացի առաջին գործող պաշտոնյան, ով միացավ հեղափոխությանը: Իհարկե, Սարգսյանը այլ կերպ չէր էլ կարող վարվել, չէ՞ որ նա ներկայացնում էր ՔՊ-ն, սակայն հեղափոխական ամբիոններում Գարիկ Սարգսյանին հերոսացնում էին բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով՝ հորդորելով բոլոր պաշտոնյաներին հետևել նրա օրինակին: Այսօր Գարիկ Սարգսյանը նոր իշխանությունների ամենասկանդալային դեմքերից մեկն է: Մարզպետը ոչ միայն չի տարբերում թռչունը երկկենցաղից, 40 հազար հեկտարը՝ 40 հեկտարից, այլ նաև աշխատանքով է ապահովել իր բոլոր բարեկամներին և ընկերներին, հայտնվել է բազմաթիվ դատական գործընթացների մեջ, քանի որ քաղաքացիները, իրար հերթ չզիջելով, բողոքարկում էին մարզպետի ապօրինի, երբեմն էլ զավեշտի հասնող որոշումները: Իրականում, տպավորություն է, որ եթե Գարիկ Սարգսյանը լիներ մարզպետ նախորդ իշխանությունների օրոք` ընդդիմադիր Փաշինյանը կպահանջեր ոչ միայն ազատել վերջինիս աշխատանքից, այլ նաև կալանավորել..