Հեղափոխությունից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հեղափոխությունների՝ քաղաքական, տնտեսական, խոստացավ իրականացնել նաև գյուղատնտեսական հեղափոխություն, որը կտրուկ կփոխի գյուղացու կյանքի որակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը' լուծելով տարիներ շարունակ կուտակված խնդիրները:
Անցել է երեք տարի, և Փաշինյանի թիմակից՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փաստացի «յուղոտ խաչ» է քաշում Փաշինյանի գյուղատնտեսական հեղափոխության տեսլականի ու խոստումների վրա' բացահայտ ակնարկելով, որ գյուղատնտեսության հետ առանձնապես հույսեր կապել պետք չէ, և տնտեսության մեջ գյուղատնտեսության տեսակարար կշիռը գնալով նվազելու է: Օրեր առաջ էլ Քերոբյանը հայտարարեց, որ այս գարնանացանին սերմացուն պետությունը չի սուբսիդավորելու: Այստեղ նույնպես էկոնոմիկայի նախարարը քաշեց գյուղացիներին:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը օրեր առաջ հայտարարել էր, որ ուսումնասիրություն է ընթանում կապված պարարտանյութերի գների կտրուկ թանկացման հետ: Դրանից հետո որևէ դրական մեսիջ գյուղացիները այս կառույցից այդպես էլ չստացան, Գևորգյանի ղեկավարած կառույցից հայտնեցին, որ պարարտանյութ ներկրող և սպառող օլիգարխները ստեղծված իրավիճակում որևէ մեղք չունեն, մեղավորը դրսի շուկան է, որտեղ գները կտրուկ թանկացել են, գյուղացին էլ եղունգ ունի՝ պետք է գլուխը քորի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հետ չի մնացել իր թիմակիցներից, հեղափոխության օրերին ամբիոնից և այնուհետև՝ արդեն վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հրապարակայնորեն խոստանում էր ջրել գյուղացիական վարկերը և գյուղացիներին ազատել իր իսկ խոսքերով բանկային ստրկությունից: Մինչ օրս որևէ վարկ չի ջրվել, ավելին՝ բանկերը իշխանությունների լուռ համաձայնությամբ ավելի անտանելի են դարձրել գյուղվարկեր ստանալու պայմանները: Իսկ ի՞նչ է անում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, արդյո՞ք վերջինս որևէ քայլ է արել, որը կնպաստեր գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների համար առավել բարենպաստ վարկային միջավայրի ստեղծմանը, իհարկե՝ ոչ:
«Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, որքան էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի»,- այս խոսքերի հեղինակը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է։ Խոստումը տվել է 2018թ․ մայիսի 8-ին Ազգային ժողովում, երբ փորձում էր համոզել, որ ինքը կլինի լավագույն վարչապետը բոլոր առումներով։ 2019-ին և նախորդ տարի ոռոգման ջուր չեղավ, Փաշինյանի կառավարությունը ոռոգման սեզոնի ավարտին միայն թույլ տվեց Սևանից ջրառ անել, և գյուղատնտեսությունը մոտ երկնիշ անկում գրանցեց, ինչը բացառիկ էր։
Փաշինյանը խոստանում էր անձամբ գնալ ՋԸՕ պետերի տները և ձեռքներից բռնած դուրս շպրտել, եթե վերջիններս օրենք խախտեն: Չնայած գյուղացիների շարունակվող բողոքների' քանի՞ ՋԸՕ պետի ձեռք բռնեց այս իշխանությունը: ՊՎԾ պետերից ո՛չ Տիգրան Ուլիխանյանը, ո՛չ գործող ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը չեն զբաղվել ՋԸՕ-ում նախկինում և այսօր տեղի ունեցող ապօրինություններով, կարծես դրանք ընդհանրապես գոյություն չեն ունեցել և չունեն:
Փաշինյանը խոստանում էր, որ գյուղացին բերքը իրացնելու հետ որևէ խնդիր չի ունենալու, այնուհետև ի հայտ եկավ կոնֆլիկտը մթերող ընկերությունների, նույն Սպայկայի հետ, ինչի արդյունքում տուժեց միայն ու միայն գյուղացին: Երբ դեռևս Արմավիրի մարզպետ էր Համբարձում Մաթևոսյանը, վերջինս խոստացել էր կարճ ժամկետներում լուծել մարզում խաղողի մթերման հետ կապված խնդիրները, սակայն, այդ խնդիրները առկա են մինչ օրս: Նույնը վերաբերվում է նաև Արարատի ՔՊ-ական մարզպետներին՝ նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը և Ռազմիկ Թևոնյանը նույնպես ճոխ խոստումներ էին շռայլել մարզի գյուղացիական տնտեսություններին, սակայն, դրանցից որևէ մեկը մինչ օրս չի իրականացվել: Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչներին խոստացել էր լուծել ոռոգման հարցը, եթե վերջիններս ցույցեր չկազմակերպեն Երևան- Գյումրի ճանապարհին, ցույցերը դադարեցին, սակայն խնդիրը այդպես էլ չլուծվեց:
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ականները չնայած հեղափոխության օրերին և դրան հաջորդող ամիսներին գյուղացիներին խոստումներ էին շռայլում. շուրջ չորս տարի անց գյուղատնտեսության ոլորտը գտնվում է կատաստրոֆիկ վիճակում, իսկ պետությունը գյուղացուն թողել է բախտի և օլիգարխների քմահաճույքին՝ մի կողմ քաշվելով և ձեռքերը լվանալով....