Այն բանից հետո, երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՊՎԾ պետի պաշտոնակատար, սպասվում էր, որ այս կառույցն էլ ավելի ակտիվ է լծվելու բացահայտումների գործին: Այսօր ՊՎԾ-ն կատարված աշխատանքի հաշվետվություն է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ ներկայացված ուսումնասիրությունների և բացահայտումների առյուծի բաժինը արվել է դեռևս նախկին պետի՝ Դավիթ Սանասարյանի կառավարման շրջանում: Օրինակ՝ ջրօգտագործողների ընկերություններում, հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում, «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ուսումնասիրությունները իրականացվել են նախկին պետի կառավարման ժամանակ:
Այսօր ՊՎԾ-ն ամփոփում է 2019-ի առաջին կիսամյակը, իսկ Քյարամյանը իր պաշտոնը ստանձնել է ընդամենը երկու ամիս առաջ և այդ ընթացքում աչքի է ընկել ոչ թե իր բուռն գործունեությամբ, այլ տարաբնույթ սկանդալների մեջ հայտնվելով: Դրանցից վերջինն էլ կապված էր իր սանիկին' Արթուր Նահապետյանին, ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար նշանակելու հետ: ՊՎԾ-ի աղբյուրներն էլ պնդում են, որ վեց ամիս անց հենց Արգիշտի Քյարամյանի սանիկն է նշանակվելու պետի տեղակալ։ Արթուր Նահապետյանը 29 տարեկան է: Նախկինում, ըստ իր ֆեյսբուքյան էջի տվյալների, 2014-2015 թվականներին, եղել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, իսկ ահա 2015 թվականին նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Ստացվում է, որ կուսակրոն քահանայի որդին, ով գտնում է, որ ինքը հաշվետու չէ հանրությանը, արդեն կարգին տնավորվել է ՊՎԾ-ում և վստահ է, որ պաշտոնը այլևս իր ձեռքից չեն խլելու: Ժամանակին խոսելով կատարված խոստումներից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր՝ «մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»։ Ինչպես երևում է, Արգիշտի Քյարամյանը ՊՎԾ-ում ծավալած իր գործունեությամբ որոշել է կասկածի տակ դնել Փաշինյանի՝ հանրությանը տված հավաստիացումները...