Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնի մոտից հերթական անգամ պարծեցավ իր երեք տարվա ձեռքբերումներով: Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո երկրում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվն աճել է 85 000-ով, կամ ավելի քան 15%-ով: Խնդիրը, սակայն, նրանում է, որ տվյալ դեպքում ստում է կամ Փաշինյանը, կամ ՊԵԿ-ը: ՊԵԿ-ը, թերևս, նման խնդիր չունի, և դա է պատճառը որ հանրությանն է ներկայացնում քիչ թե շատ իրատեսական պատկեր, իսկ այդ պատկերը հետևյալն է՝ ըստ ՊԵԿ պաշտոնական թվերի՝ Հայաստանում աշխատատեղերի թիվը միայն 2020 թվականի ապրիլին կրճատվել է՝ 620 հազարից դառնալով 547 հազար, Փաշինյանն այդ նույն ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ էր անում՝ ավետելով, որ Հայաստանում աշխատատեղերի կայուն աճ է գրանցվում:

ՊԵԿ տվյալներով' միայն 2020 թվականի ապրիլին փակվել էր 74 հազար աշխատատեղ: Բացի այդ՝ աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 88356 մարդ, ինչը 4893 մարդով կամ 5.9%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 6638 մարդով կամ 8.1%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Եվ սա միակ հակասությունը չէ, պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Եվ այդ մասին բացահայտ հայտնում են ՊԵԿ-ից' նշելով, որ միայն անցած տարի ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել: Այսինքն' հեղափոխությունից երեք տարի անց էլ ստվերային տնտեսության ծավալները շարունակում են սահմռկեցուցիչ մնալ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներում և ԱԺ ամբիոնից էլ հայտարարում էր, որ ստվերի դեմ պայքարը հաջողել է:

Փաշինյանը վստահեցնում է, որ այսօր Հայաստանում ի սպառ վերացել է նաև տնտեսական մենաշնորհը: Այս հարցում էլ նրա հետ համամիտ չէ ՏՄՊՊՀ նախագահը, ում կարծիքով նման երևույթը ամբողջությամբ վերացված չէ, կան գերիշխող դիրք զբաղեցնողներ և մի բան ավելացնում է, որ մենաշնորհը բնավ էլ վատ բան չէ:

Հետաքրքիր է' ինչպես է ստացվում, որ Փաշինյանի և նրա ենթակաների տվյալները, կարծիքները և հայտարարությունները այսչափ միմյանցից տարբերվում են...