Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից երկու տարի անց չունի լեգիտիմության այն պաշարը, որը ձևավորվել էր ապրիլյան իրադարձություններից ամիսներ անց: Այլ կերպ ասած՝ Փաշինյանի վարկանիշը սահուն անկում է ապրել և դրանում մեղքի բաժին ունի ինչպես ինքը' Փաշինյանը, այնպես էլ իր թիմակիցները, որոնց սկանդալները, հայտարարությունները և քայլերը կամա թե ակամա ազդել են իրենց քաղաքական լիդերի վարկանիշի իջեցման վրա:
Այս հարցում ամենամեծ լուման ունի, թերևս, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Որևէ այլ պաշտոնյա չի հաջողացրել հայտնվել այդքան թվով սկանդալների կիզակետում և այդպես հարվածել իր ղեկավարի վարկանիշին: Հիշեցնենք, որ Սարգսյանի դեմ բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել, մի շարք դեպքերում էլ ապացուցվել են նրա ոչ օրինական գործողությունները, օրինակ' համայնքապետեր հեռացնելու և դպրոցի տնօրեններ նշանակելու հարցում: Սակայն, Փաշինյանն անգամ սեփական վարկանիշի գնով շարունակում է սատարել Սարգսյանին:
Երկրորդ մեղավորը՝ Փաշինյանին ՍԴ ճգնաժամի դուռը հասցրած ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն է: Վերջինս մի քանի անգամ «պադստավկա» է արել Փաշինյանին ներկայացնելով ՍԴ հարցի լուծման այնպիսի ծրագրեր, որոնք քիչ էին մնում Փաշինյանի համար Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերությունների սառեցման հասցնեն:
Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը այնքան ջանասիրաբար է պաշտպանում Նիկոլ Փաշինյանին քննադատներից, որ այդ պաշտպանությունը շատ հաճախ ունենում է հակառակ էֆեկտը: Ամեն անգամ, երբ փոխթաղապետը հանրությանը վիրավորող գրառում է անում, նա, թերևս, չի հասկանում, որ հանրության բացասական ռեակցիան շրջվելու է դեպի վարչապետը, ով աչք է փակել նման կադրերի պաշտոնավարման վրա:
Փաշինյանի համար բավական մեծ անհարմարություն է առաջացրել նաև Կոտայքի նախկին մարզպետ, այժմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Վերջինս այնքան էր շտապում պաշտպանել Փաշինյանին Մարգարիտա Սիմոնյանի հարձակումներից, որ գրառումներից մեկում նրան «ռուսուլման» անվանեց: Թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների և ՌԴ-ում Փաշինյանի դիրքերի վրա՝ դատեք ինքներդ:
Հաջորդ կադրը, ով մեծապես հարվածել և հարվածում է Փաշինյանի վարկանիշին, դա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Վերջինիս կողմից համաճարակի ամենաթեժ պահերին քաղաքական օպոնենտներին թիրախավորելը, սարկազմով լի գրառումներ անելը չէին կարող վրիպել հանրության ուշադրությունից և բնական է, որ Թորոսյանի պահվածքը բացասական է անդրադարձել առաջին հերթին հենց վարչապետի՝ նրա անմիջական ղեկավարի վարկանիշի վրա:
Սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը նույնպես վերջին երկու տարվա ընթացքում հասցրել է հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ ուղղակի հարվածի տակ է դրվել այն քաղաքական ուժի ղեկավարի իմիջը, որը նա ներկայացնում է: Սարգսյանը «Իմ քայլը» խմբակցության՝ թվով ամենաշատ սկանդալներում հայտնված պատգամավորն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ժամանակին իրերը կոչեց իրենց անվանումներով, որպեսզի հիմնավորի Փաշինյանի որոշումը Ամուլսարի հարցում։ Նա իրենց ընտրազանգվածին դիպուկ բնորոշում տվեց, բայց անուղղակիորեն հարվածեց նաև Փաշինյանին, քանզի «անգրագետ Պողոսն իր անգրագետ բազմանդամ ընտանիքով» ձևակերպումը շատ բազմաշերտ էր։
Փաշինյանի վարկանիշի անկման գործում իր լուման ունի նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինիս հանդեպ քննադատությունը աճել է այն աստիճան, որ սլաքները ամբողջությամբ թեքվել են դեպի Նիկոլ Փաշինյանը. ի վերջո օբյեկտիվ է, որ իր քաղաքապետի և իր թիմի յուրաքանչյուր անդամի ձախողման և սխալի համար պատասխանատու է հենց վարչապետը:
Ստացվում է' որքան էլ Փաշինյանը փնտրի հակահեղափոխականների, սևերի' նրա երբեմնի 80 տոկոս վարկանիշի անկման մեղավորները գտնվում են հենց իր կողքին, իր թիմում և իր անձնական երաշխավորության և պաշտպանության տակ են…