Շուտով կլրանա երեք տարին, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Թե նրան որքանո՞վ է հաջողվել ավելացնել բյուջեի եկամուտները' թողնենք մի կողմ։ Ուղղակի արձանագրենք, որ անցած տարի կառավարությունը նույնիսկ չկարողացավ լիարժեք կատարել հարկային մուտքերի ճշգրտված պլանը։ Ու դա այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։ Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Եվ այդ մասին բացահայտ հայտնում են ՊԵԿ-ից' նշելով, որ միայն անցած տարի ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել: Այսինքն' հեղափոխությունից երեք տարի անց էլ ստվերային տնտեսության ծավալները շարունակում են սահմռկեցուցիչ մնալ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսներում հայտարարում էր, որ ստվերի դեմ պայքարը հաջողել է:
Սա միակ դեպքը չէ, երբ ՊԵԿ-ը հակասում է վարչապետի տված տեղեկություններին: Ըստ ՊԵԿ պաշտոնական թվերի՝ Հայաստանում աշխատատեղերի թիվը 2020 թվականի ապրիլին կրճատվել է՝ 620 հազարից դառնալով 547 հազար, Փաշինյանն այդ նույն ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ էր անում՝ ավետելով, որ Հայաստանում աշխատատեղերի կայուն աճ է գրանցվում: Այսինքն, տպավորություն է, որ ՊԵԿ-ն ու վարչապետը ապրում են տարբեր տնտեսական իրականություններում: Կամ էլ հարց է առաջանում՝ նրանցից ո՞վ է ի վերջո մանիպուլացնում հանրային կարծիքը, ՊԵԿ-ը՝ դժվար թե, քանի որ վերջինիս կողմից ներկայացված տխուր փաստերը անչափ նման են իրականությանը: