Facebook-յան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին մի ամսվա ընթացքում սկսել է ստանալ տնտեսական բնույթի լավ ու հուսադրող նորություններ։ Մասնավորապես, լավ նորությունը վերաբերվում էր նրան, որ այս տարի կառավարությունը պլանավորում է 40 միլիարդ դրամով բյուջեի եկամտային մասը գերակատարել, ու այդ պրոցեսն արդեն իսկ սկսված է ու առաջին եռամսյակում գրանցվել է շոշափելի գերակատարում: ԱԺ-ում իր վերջին ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին երեք ամիսների ընթացքում ամփոփելով կառավարության գործունեությունը, եկել են այն համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է:
Իսկ հիմա ստացվում է, որ խոսքը գնում է, որ թե 90, այլ 82 միլիոն դոլարի մասին: Հետաքրքիր է, թե ինչու են այսչափ նվազել Փաշինյանի սպասումները: Ժամանակին վարչապետը հարյուրավոր միլիոնների հոսք էր կանխատեսում, ինչ-որ տեղ նաև խոստանում, այսօր արդեն ուրախանում են և որպես մեծագույն ձեռքբերում ներկայացնում 82 միլիոն դոլարը: Ի դեպ, արդարության համար պետք է նշել՝ դեռևս երկու տարի առաջ էր հայտնի, որ գերավճարների պարտքերը մարելուց հետո 2019-ի հունվար-փետրվարին բյուջե է մտնելու հավելյալ մոտ 40 մլրդ դրամ, իսկ ապրիլին հավելյալ ևս 15-20 մլրդ է մտնելու, քանի որ նոր հարկատեսակ է լինելու` փայաբաժնի հարկը: Սա նշանակում է, որ բյուջեն կատարելու համար Նիկոլից պահանջվում է հավաքել 33 մլրդ ավել փող, քան անցած տարի, համաձայնեք՝ տիտանական ջանքեր դրա համար հարկավոր չեն: Սակայն ամեն ինչ փորձում են ներկայացնել անպես, որ հենց նոր կառավարության անմարդկային ջանքերի շնորհիվ է մի երկու կոպեկ ավել գումար հոսել բյուջե…