Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր քաղաքական ուժը որևէ կերպ կախվածություն չի ունենալու մեծ բիզնեսից և գործարարներն այլևս ստիպված չեն ունենալու Բաղրամյան 26 ճամպրուկներով փող բերել: Ինչպես հասկանում ենք՝ ճամպրուկներով իշխանությանը փող բերելու կուլտուրան Նոր Հայաստանում փոխակերպվել է փոքր-ինչ այլ գործընթացի, օրինակ՝ քաղաքական կուսակցությանը նվիրատվություն կատարելով: Այս տեսանկյունից անչափ ուշագրավ է այն անձանց և կազմակերպությունների ցանկը, որոնք նախորդ տարվա ընթացքում ինչ-ինչ արտոնությունների դիմաց ՔՊ-ին միլիոնների հասնող գումարներ են փոխանցել:
2020 թվականին ՔՊ-ին 10 միլիոն դրամ նվիրաբերած անձանց շարքում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդին՝ Հրաչյա Շարոյանը։ Վերջինս «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ Սամվել Ալեքսանյանն էլ իր հերթին հետ չի մնացել՝ փոխանցելով 10 միլիոն դրամ:
«Քաղաքացիական պայմանագրին» 10 մլն դրամ նվիրաբերողներից է Սեմյոն Սուքիասյանը, որը «Սարդելա» ՍՊԸ-ի 19 տոկոս բաժնետեր է։ Այս ընկերությունը Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի (Tashir Group of Companies) երևանյան գրասենյակի հետ գրանցված է Տերյան 69 հասցեում։
ՔՊ-ին 10 միլիոն դրամի նվիրատվություն կատարածներից մեկի՝ Արթուր Պողոսյանի անունը կապվում է Դավիթ Գալստյանի կամ «Պատրոն Դավոյի» անվան հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 5-ական միլիոն դրամ են փոխանցել նաև Գոհար Մուրադյանը և Գաբրիել Ջեմբերջյանը։ Վերջինս «Փյունիկ հիմնադրամի» հիմնադիր (Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լևոնի Սարգսյանի հետ համատեղ) և Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Իշխող կուսակցության նվիրատուների ցանկում են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որոնք նվիրաբերել են մեկական միլիոն դրամ։
ՔՊ-ին 500 հազար դրամ է փոխանցել նաև Երևանի ՋԷԿ-ի կառուցող իտալական «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևը։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի աշնանը, ընկերությունը իշխանության հետ վերջնական համաձայնության էր եկել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցելու հարցում։ Կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2019-ին։
Հարավկովկասյան երկաթուղին ՔՊ-ին փոխանցել է 3 միլիոն դրամ, «Յունիքոմփ» ընկերությունը՝ 1․5 միլիոն դրամ, ՄԱՊ գինու և կոնյակի գործարանը՝ մեկ միլիոն դրամ, Պռոշյանի կոնյակի գործարանը՝ 500 հազար դրամ:
ՔՊ-ին 5 միլիոն դրամ է նվիրաբերել նաև «Թի Էս Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը 2020-ի դեկտեմբերին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երեք տարով արդյունաբերական նպատակներով ջրօգտագործման թույլտվություն է ստացել։
Հինգ միլիոն դրամ նվիրաբերողների շարքում է նաև «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն, որը Ծաղկաձորում «Ալվինա» բնակելի համալիրի (ԱԱ) վերակառուցման աշխատանքների թույլտվություն էր ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից։
Ինչպես տեսնում ենք՝ որոշ գործարարները ՔՊ-ին գումարներ փոխանցելուց հետո զգալիորեն բարելավել են իրենց գործերը` ստանալով լուրջ արտոնություններ կառավարությունից: Իսկ ՔՊ-ական պաշտոնյաները, ովքեր հարստացրել են ՔՊ գանձարանը, կարծես թե, նոր Աժ-ում և կառավարությունում յուղոտ պաշտոնների ակնկալիքներ ունեն: Թե այլ կերպ ինչպես է լինում կոռուպցիան՝ դժվար է ասել...