Վերջին 3 տարում մեր երկրում թմրամիջոցի օգտագործման կայուն 9 տոկոս աճ է նկատվել, այսօր գրանցված է 5828 թմրամոլ, որից 88-ը՝ կին, 11-ն՝ անչափահաս, թեպետ սա ընդամենը հաշվառված՝ թմրամիջոց օգտագործողների թիվն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` նրա խոսքով, ամենաբարձր ցուցանիշը Երևանում է` 3007 թմրամոլ, 2-րդ տեղում Արմավիրի մարզն է` 727 և 3-րդ տեղում' Կոտայքի մարզը՝ 542 թմրանյութ օգտագործող գրանցված քաղաքացի:

 

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ ավելանում է նաև թրմամիջոց օգտագործող կանանց թիվը. «Կանայք նույնպես ավելանում են, բայց շատ ավելի դանդաղ, ավելի ցածր տոկոսային հարաբերությունով, քան տղամարդիկ»:

 

Պետրոս Սեմերջյանի կարծիքով՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել հատկապես կրթական ծրագրերին, որոնք թեպետ Հայաստանում իրականացվում են, բայց դեռևս մեծ արդյունքներ ցույց չեն տվել, ինչպես դա եղել է, օրինակ, Շվեդիայում: