Հայաստանում նախորդ տարվա հետ համեմեմատած գրանցվել է թմրամիջոցների և հոգեմետ դեղերի օգտագործման աճ, որը կազմում է 7, 3 տոկոս: Մասնագետներն այս աճը մտահոգիչ են համարում: 2013-ին գրանցվել էր 1222 հանցագործության դեպք. թիվն ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
«Ամբողղջ աշխարհում նկատվում է հանցագործությունների աճ' կապված թմրանյութերի և հոգեմետ դեղերի օգտագործման ապօրինի շրջանառության հետ: Հայաստանը ևս բացառություն չէ, ներկրվում են տարբեր տիպի թմրամիջոցներ: Հայաստանում հիմնականում օգտագործվում են կանեփ տեսակի բույսից պատրաստված թմրամիջոցներ, հիմնականում' մարիխուանա: ՀՀ-ն թմրամիջոց արտադրող երկիր չէ, սակայն կան դեպքեր, երբ մեր երկրի տարածքը փորձել են օգտագործել որպես տարանցիկ գոտի»,- նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը:
Գրանցվել են մի շարք թմրամիջոցների առգրավվման դեպքեր, որոնք հիմնականում բերվել են Իրանից: Փոխգնդապետը նշեց, որ թմրամիջոցներ ապօրինի օգտագործողների թիվը նույնպես աճել է: 2012-ի տվյալներով նարկոլոգիական կլինիկա է տեղափոխվել և հաշվառման վերցվել 1009 մարդ, իսկ 2013 թվականին մարդկանց թիվն աճել է, գրանցվել են 1523 մարդ:
«Ներարկման միջոցով օգտագործողների թիվը նվազել է ի հաշիվ մարիխուանա թմրամիջոցի գործածության: Դա փոքր-ինչ դրական ցուցանիշ է»,-հավելեց փոխգնդապետ Արթուր Մինասյանը:
ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանն ընդգծեց, որ ոչ մի երկրի դեռ չի հաջողվել նվազեցնել թմրամոլության աճը: «Շվեդիային է միայն հաջողվել կասեցնել աճը: Այն չարիք է ամբողջ աշխարհի համար: Հայաստանում առկա է թմրամոլության աճ: Կլինիկաներ դիմողների թիվն ավելացել է: Թմրամոլությունը խրոնիկակական հիվանդություն է, բայց և' բուժելի: Վերականգնողական փուլը տևում է 3-5 տարի, իսկ մարդկանց 20 տոկոսն է միայն վերջնականապես բուժվում, մնացածները կրկին թմրանյութերի են անցնում»,- հավելեց Պետրոս Սեմերջյանը:
Մասնագետներն ընդգծեցին, որ ամենաշատ թմրամոլներն ապրում են հենց Երևանում: Արմավիրի մարզը թմրամոլների թվով երկրորդ տեղում է: Թմրամոլները հիմնականում 25-40 տարեկան են: Այսօր Հայաստանում գրանցված է 30 հազար թմրամոլ: Անչափահաս թմրամոլների թիվը չի գերազանցում 9-ը: