Հայաստանի կառավարությունը 2014 թվականի տարեսկզբին ձեռք է բերել 3000 ամուսնալուծության վկայական, սակայն վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները' անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայականների քանակը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստի օրակարգում:
«Ներկա դրությամբ քաղաքացիներին տրամադրվող ամուսնալուծության վկայականները չեն բավարարում անհրաժեշտ քանակությունը, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով պոլիգրաֆիական որոշ արտադրանքներ օգտագործվել են ավելի քիչ, քան նախատեսված էր տարեսկզբին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Նախագծով առաջարկվում է կրճատել հաստատված ծրագրով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացներում, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական որոշ արտադրանքներ և կրճատման արդյունքով առաջացած ձեռքբերման համար նախատեսված ընդհանուր գումարից 1114.2 հազ. դրամը նպատակաուղղել ամուսնալուծության վկայականների տպագրման ավելացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշված է նախագծի հիմնավորման մեջ: