ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 143.93 մլրդ դրամ. 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 132.31%-ով կամ 81.97 մլրդ դրամով։ 2021թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունն առաջինն էր։

Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 52.27 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +4.45 մլրդ կամ +9.30%։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը երկրորդն էր։

Երրորդ տեղում է «Գրանդ Տոբակո»-ն՝ 45.04 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +2.88 մլրդ կամ 6.83%։ 2021թ հունվար-դեկտեմբերին նախարարությունը երրորդն էր։

Չորրորդ տեղում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որը պետբյուջե է վճարել 27.44 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7.19 մլրդ դրամով կամ 35.52%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 6-րդն էր։

Հինգերորդ տեղում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը («Գեոպրոմայնինգ Գոլդ»), որը պետբյուջե է վճարել 19.59 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.25 մլրդ դրամով կամ 6.00%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 4-րդն էր։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 6-րդ տեղում է՝ 18.14 մլրդ դրամ՝ +5.25 մլրդ դրամ կամ +40.71%։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 11-րդ հորիզոնականում էր։

«Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը 7-րդ տեղում է ՝ 17.57 մլրդ դրամով և արձանագրած 13.14 մլրդ կամ 296.91% աճով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 40-րդն էր։

«Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 16.99 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում' 3.727 մլրդ դրամով կամ 28.09%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 10-րդն էր։

«Սի-Փի-Էս Էներջի Գրուպ»-ը 9-րդն է՝ 16.987 մլրդ դրամ՝ -1.15 մլրդ դրամ կամ -6.35%։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։ Նախկինում վառելիքի ներմուծման ու իրացման շուկայում գործունեություն են իրականացրել նաև «Սիթի Պետրոլ Գրուպ», «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ները և այլ ընկերություններ, որոնք փոխկապակցված են CPS-ին: «Սիփիէս օիլ»-ի 100% սեփականատերն ու տնօրենը Արթուր Դանիելյանն է, սակայն մամուլի տեղեկություններով՝ CPS ապրանքանիշի ներքո հանդես եկող բոլոր ընկերությունների իրական սեփականատերը վառելիքի շուկայում հայտնի խաղացող Աշոտ Սալազարյանն է: Նրան է պատկանում «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի 100%-ը: «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ն ու «Սիփիէս օիլ»-ը գրանցված են Երևանի կենտրոնում գտնվող նույն հասցեում։

«ՄՏՍ Հայաստան»-ը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 15.95 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 230.64 մլն դրամով կամ 1.47%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունն 8-րդն էր։

«Ֆլեշ»-ը 11-րդ հորիզոնականում ՝ 15,889,603 դրամով: 2021-ին այս ընկերությունը զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը՝ 15,482,097 դրամ վճարած հարկերով:

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգ»-ը 12-րդն է՝ 13,661,091 դրամով, 2021-ին «Ալեքս Հոլդինգ»-ի վճարած հարկերը կազմել են 10,529,642 դրամ:

Հարություն Փամբուկյանին պատկանող «Մաքս Օիլ»-ը 15-րդն է՝ 11,977,171 դրամով, 2021-ին այն զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը՝ 9,659,592 դրամով:

«Ջերմուկ Գրուպ»-ը որը պատկանում է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին 121-րդն է՝ 2,209,046 դրամ վճարած հարկերով:

«Գյումրի» գարեջուրը, որը պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Բալասանյանների ընտանիքին, 2021 -ին 114-րդն էր' վճարած 1,613,204 դրամ հարկով: 2022-ին այն զբաղեցնում էր 135-րդ հորիզոնականը վճարած 1,945,909 դրամ հարկով:

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 373,91 մլրդ դրամ հարկ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 97.95 մլրդ դրամով կամ 35.49%-ով: Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 842,5 մլրդ դրամ է, ինչը 177.17 մլրդ դրամով կամ 26.63%-ով ավել է 2021թ. համադրելի ցուցանիշից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1,490.11 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 361.48 մլրդ դրամով կամ 32.03%-ով։ 1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 25.09%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 56.54%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 24/01/23 դրությամբ՝ 396.4 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 943.26 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 2,125,37 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 3,759.12 մլն դոլար։ Ակնհայտ է, որ օլիգարխները շարունակում են նվազեցնել վճարած հարկերը, մինչդեռ կառավարության նիստերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հպարտանում է հավաքագրված հարկերի ռեկորդային աճով, մնում է փաստել, որ այդ հարկերի հիմնական բեռն ընկնում է ոչ թե հայտնի օլիգարխների, այլ ՓՄՁ-ի ուսերին՝ էլ ավելի մեծ հարված հասցնելով ոլորտին: