ՀՀ կառավարության համար հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումները շարունակում են լինել առաջնահերթությունների շարքում: Հարկային համակարգի բարեփոխումների հարցում իրենց կարևոր նշանակությունն ու դերն ունեն տեղական հարկերը, որոնց մասով Հայաստանը վերջին տարիներին առաջընթաց է գրանցել: Երևանում տեղի ունեցավ «Տեղական հարկեր. առկա խնդիրները և քաղաքականության հեռանկարները» խորագրով համաժողով, ո րը կազմակերպել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:
Համաժողովի մեկնարկին ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ով նշեց, որ կարևորում են համաժողովի անցկացումը, որը իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից օժանդակվող հարկային քաղաքականության բարելավման ծրագրի շրջանակում: «Գաղտնիք չէ, որ հարկային ամբողջ քաղաքականության մեջ տեղական հարկերն իրենց առանձնահատուկ դերն ու նշանակությունն ունեն' հատկապես, եթե հաշվի առնենք, որ տեղական հարկերի մշակույթը մեզանում նոր է, ընդամենը մի քանի տարի է, որ մենք սահմանել ենք տեղական հարկեր:
Մենք վերջին տարիներին բավականին փոփոխություններ ենք կատարել այս ոլորտում, ունենք որոշակի առաջընթաց հարկային վարչարարության, կարգապահության մասով, բայց ընդհանուր առմամբ հեռանկարի մեր տեսլականը ձևավորելու համար կարևորում ենք այս ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները և այս համաժողովը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տերտերյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանում խնդիրներ կան տեղական հարկերի սահմանման, հարկային քաղաքականության դիվերսիֆիկացիայի առումով: «Սա բավականին լուրջ խնդիր է, եթե հաշվի առնենք, որ մեր համայնքները միմյանցից տարբեր են իրենց ռեսուրսներով և մշակույթով ու հարկային բազայով: Ես կարծում եմ, որ այս համաժողովի ընթացքում կձևավորվեն ուղղություններ, մոտեցումներ, որոնք հետագայում մասնագիտական քննարկումների կենթարկվեն և մեզ համար լավ բազա կդառնան ինչպես նոր փոփոխություններն իրականացնելու, այնպես էլ նոր ուղղություններ նախանշելու համար»,- շեշտեց Տերտերյանը:
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արթուր Մանուկյանը նշեց, որ վերջին 15 տարում Ֆինանսների նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել համայնքների ֆինանսական կարողությունների հզորացման հարցերը: «Այդ առումով իրականացվել են ինչպես վարչարարական, այնպես էլ իրավական աշխատանքներ: Մոտ 10 տարի առաջ մենք ավարտեցինք հարկային մարմինների կողմից իրականացվող վարչարարական գործիքների փոխանցումը մեր համայնքներին, որից հետո եղան օրենսդրական փոփոխություններ:
Նախորդ տարի ֆինանսների նախարարության կողմից մշակվել և Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Անշարժ գույքի միասնական հարկի մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» նախագիծը, որոնց նպատակն է միասնականացնել գույքային հարկերի բնագավառում քաղաքականության մոտեցումները, ինչպես նաև հարկերի հաշվարկման, վճարման և գանձումն ապահովելու համար առավել արդյունավետ մեթոդներ ներդնել»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով որ իրենց նախարարությունը ողջունում է համաժողովը և պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ ցանկացած քննարկման, որը կապված կլինի տեղական հարկերի և տուրքերի հետ:
ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի ղեկավար Յանուշ Շիրմերն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանը վերջին տարիներին հարկային բարեփոխումների առումով զգալի առաջընթաց է գրանցել, ինչի մասին խոսում է այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկի Doing Business վերջին զեկույցում Հայաստանը հարկերի վճարման մասով 189 երկրների մեջ զբաղեցրել է 41-րդ տեղը՝ էականորեն բարելավելով նախորդ ցուցանիշը: «Սա իսկապես խոսում է առաջընթացի մասին, որը մենք ցանկանում ենք տեսնել նաև հետագայում:
Պետք է ասեմ, որ մեզ համար հաճելի է այս հարցում օգնել Հայաստանի կառավարությ անը: Մենք կարծում ենք, որ տեղական հարկերի սահմանման արդյունավետությունը օգնում է ավելի բարելավել հարկային համակարգը: Գիտենք, որ Հայաստանի կառավարության ռազմավարության շրջանակում է տեղական հարկերի համակարգի բարելավումը, ինչն էլ իր հերթին էականորեն կնպաստի ողջ հարկային համակարգի առաջընթացին»,- եզրափակեց Շիրմերը:
Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող Հարկային բարեփոխումների քառամյա ծրագրի շրջանակում: Միջոցառման նպատակն է պետական և տեղական կառավարման մարմինների առանցքային պաշտոնյաների, բիզնես միջավայրի, քաղաքացիական հասարակության գիտական շրջանակների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը կենտրոնացնել տեղական հարկերին առնչվող հարցերի քննարկման ուղղությամբ, այդ թվում նպաստել միասնական հարկային օրենսգրքի մշակման շրջանակներում հարկային քաղաքականության և վարչարարության բարելավումն ու տեղական ինքնակառավարման համակարգի հզորացմանը: