2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի հրապարակած տվյալների՝ անցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ հարկ վճարող տնտեսվարողների թիվը կազմել է 101 հազար 264, որոնցից 70 հազար 643-ը՝ ակտիվ հարկ վճարողներ, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ համապատասխանաբար 103 հազար 331 և 95 հազար 196:
Իհարկե շատ գեղեցիկ թվեր են, սակայն արդյո՞ք այդ թվերի հետևում նույնքան գեղեցիկ տրամաբանություն և գործընթաց է: Օրինակ, կարելի է ենթադրել, որ ակտիվ հարկ վճարողները Նոր Հայաստանում ոչ թե խոշորներն են, այլ ՓՄՁ-ները, որոնց կյանքը թեթևացնելու խոստումով՝ Փաշինյանը եկավ իշխանության: իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը պատերազմ հայտարարեց օլիգարխներին և ստվերային տնտեսությանը։ Ենթադրվում էր, որ դա բերելու է, ինչպես ընդհանրապես, այնպես էլ՝ խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարվող գումարների կտրուկ ավելացման։ Առավել ևս, որ կառավարության ու Պետեկամուտների կոմիտեի ղեկավարները խոստանում էին էապես ավելի շատ հարկ հավաքել։
Իրականում ի՞նչ տեղի ունեցավ։ Բյուջեն թերակատարվեց։ Նախկինում մշտապես թիրախում պահելով որոշ հայտնի օլիգարխներին՝ այժմ արդեն Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարում խոսել նրանց կողմից վճարվող հարկերի մասին։ Ժամանակին այդպիսի օլիգարխներից էր, թերևս, Սամվել Ալեքսանյանը, որը մշտապես համարվել է իշխանությանը սպասարկող խոշոր գործարարներից մեկը՝ ունենալով ստվերում գործելու արտոնյալ պայմաններ։ Իշխանափոխությունից հետո, երբ հայտարարվեց նախկին հարաբերությունների վերացման մասին, թվում էր, թե դա պիտի հանգեցներ Սամվել Ալեքսանյանի կողմից պետական բյուջեի վճարվող հարկերի ավելացմանը։ Սակայն հակառակն է եղել։ Գործարարին պատկանող հայտնի «Ալեքս Հոլդինգը» նոր իշխանությունների օրոք անհամեմատ ավելի քիչ հարկ է վճարել։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ ընկերության կատարած հարկային պարտավորությունները նախորդ տարվանից պակաս են եղել 24,5 տոկոսով։ Տարբերությունը կազմել է 5 մլրդ 279 մլն դրամ։ Եթե 2017թ. «Ալեքս Հոլդինգը» պետական բյուջե էր վճարել 21 մլրդ 470 մլն դրամ, ապա 2018թ.' 16 մլրդ 191 մլն դրամ։
Այսինքն՝ ակնհայտ է, որ խոշորները, ի դեմս նույն Սամվել Ալեքսանյանի, նվազեցրել են վճարվող հարկերը, իսկ ՓՄՁ-ները քերվում են, որպեսզի մի կերպ լցվի դատարակ բյուջեն: Իրականում հենց այս տխուր պատկերն է կանգնած վարչապետի հրապարակած թվերի հետևում…