Հայաստանի հպարտ քաղաքացիները հեղափոխությունից շուրջ երկու տարի անց այդպես էլ չեն կարողանում հասկանալ՝ ի վերջո Հայաստանում մենաշնորհը վերացել է, թե ոչ: Վարչապետը պնդում է, որ այո՝ վերացել է, այն էլ իսպառ է վերացել, ՏՄՊՊՀ ղեկավարը այդ կարծիքին չէ՝ պնդելով, որ, եթե մենաշնորհ և գերիշխող դիրք ասելով ՏՄՊՊՀ-ն ու հանրությունը նույնն են հասկանում, ապա ՀՀ-ում մենաշնորհ կա: Եթե մենաշնորհ ասելով՝ մենք հասկանում ենք, որ միայն մեկ հոգի է տվյալ ապրանքից բերում, ապա մենաշնորհ չկա: Եթե գերիշխող դիրքի մասին ենք խոսում, ապա կան և շատ՝ կարագի, շաքարի, բենզինի շուկաներում: Ըստ Գեղամ Գևորգյանի՝ վարչապետը փորձում է հասկացնել, որ Հայաստանում այլևս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հովանավորվող արհեստական մենաշնորհներ չկան, այլ կերպ ասած, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ թղթերով ամեն ինչ նորմալ է:
Սակայն, իրականում, հեղափոխությունից հետո շուկաների ուսումնասիրությունը հանգեցնում է մի պարզ եզրահանգման. եթե գիտես, թե ում է պատկանում տվյալ մասնաբաժինը, ընկերությունը, եթե գիտես, որ վերջինը մեկ ընկերությունը դարձրել է 4-5 ընկերություն և այդպիսով թղթի վրա կարգավորել է իր գործերը, ապա հասկանալի է դառնում, որ մենաշնորհը Հայաստանում միայն ծաղկում է կամ առնվազն՝ ոչ մի առումով չի զիջում իր դիրքերը: Ի վերջո, մի՞թե մենաշնորհների վերացման նպատակն այն է, որպեսզի ասվի, որ Հայաստանում այլևս մենաշնորհ չկա։ Եթե մենաշնորհները վերացել են, բա ո՞ւր են արդյունքները։ Ինչո՞ւ մենաշնորհային շուկաներում ապրանքների գները չեն նվազում։ Հիմա բանանն ավելի՞ էժան է, քան նախկինում էր։ Եթե սեզոնային գործոններով պայմանավորված՝ գների որոշակի անկում է լինում, դա դեռ չի նշանակում, թե մենաշնորհների վերացման արդյունք է։
Ի՞նչ է, նախկինում բանանի գները չէի՞ն նվազում, հետո կրկին բարձրանում։ Ենթադրենք՝ հիմա բոլորն էլ կարող են բենզին, շաքարավազ կամ բանան ներկրել, դրա ազդեցությունն ինչպե՞ս է արտահայտվել շուկայի վրա, ինչ-որ բա՞ն է փոխվել մասնակիցների թվի ավելացումից։ Այդպես էլ չենք ուզում հասկանալ, որ խնդիրը ոչ թե շուկայի մասնակիցների ավելանալ-չավելանալու, այլ իրական մրցակցության մեջ է, որը կարող է բերել գների նվազեցման։ Ի դեպ, խոսքը վերաբերում է ոչ միայն մենաշնորհներին, այլ նաև մյուս ոլորտներին։ Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են բացվում, չկա գործազրկության խնդիր, ավելանում են աշխատավարձերը, բարձրանում են նպաստներն ու կենսաթոշակները։ Բայց այդ ամենը ոչինչ է, եթե հասարակությունը չի զգում դրանց ուղղակի ազդեցությունը։