ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Ոստիկանությունում ծառայողներից սկսել են «բանակի 1000 դրամ» անվան տակ 1000-ական դրամներ հավաքել: Ավելին՝ որոշ ծառայողներ արդեն իսկ առձեռն գումարը փոխանցել են իրենց վերադասին:
Մեզ հետ զրույցում Ոստիկանության հասարկայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց այդ տեղեկությունը, նշելով՝ 1000 դրամները հավաքվել են Համահայկական հիմնադրամի համար և ոստիկանները մեծ սիրով են իրենց ներդրումն անում, այնինչ՝ ոստիկանության ծառայողներն անգամ զարմացել են, թե ինչու են այս պահից 1000 դրամները հավաքվում՝ անվանելով «բանակի 1000», քանի որ օրենքը ուժի մեջ է մտնելու հունվարի մեկից:
Անգամ եթե ոստիկանության «վերևներում» տեղյակ չեն, թե ինչ է կատարվում ներքին օղակներում, կարծում ենք՝ մեր այս հրապարակումով օգնած կլինենք ոստիկանությանը՝ բացահայտելու համակարգի ներսում կատարվող նման դեպքերը և մեղավորներին պատժելու հարցում: Իսկ եթե դա կատարվում է հենց «վերևների» թողտվությամբ, ապա, մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:
Նշենք, որ ԱԺ-ի կողմից արդեն իսկ ընդունված այս օրենքը հասարակության շրջանում միանշանակ չընդունվեց: Հենց այսպիսի դեպքերից խուսափելու համար էր հասարակությունը բացասական վերաբերվում օրենքի գաղափարին, ապա՝ նաև օրենքին: Իհարկե, ՀՀ-ում չի գտնվի մի քաղաքացի, ով դեմ կլինի բանակին, սահմանին կանգնած զինվորին օգնել, սակայն, դա անելու համար տվյալ իշխանությունները նախ պետք է այդ նույն հասարակության շրջանում վստահություն ունենան, հակառակ դեպքում՝ ցանկացած դրական գաղափար դատապարտված է կործանման:
Քրիստինա Աղալարյան