Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 1000 դրամ վճարողների թիվն ավելացել է 20 հազարով:
Այս մասին ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
«Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված այս աճը, սակայն հնարավոր է, որ ավելացել են գյուղատնտեսության մեջ զբաղվածություն ունեցող անձինք: Մենք հրապարակում ենք այն տվյալները, որոնք ստանում ենք Պետական եկամուտների կոմիտեից»,- ընդգծեց Ավետիքյանը:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը գործում է 2017 թվականի հունվարի 1-ից՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
2017 թվականի հունվարի 1-ից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների: Հիմնադրամի գործունեության ավելի քան 2 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքագրվել է ավելի քան 18 միլիարդ դրամ և կատարվել ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։