Ադրբեջանում 2010-2017 թթ. հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն' 2010թ-ին երկրում թմրամիջոցներ օգտագործողների թիվը կազմել է 25 հազար 489 մարդ, 2011թ-ին' 26 հազար 716, 2012թ-ին' 27 հազար 910, 2013թ-ին' 28 հազար 376, 2014թ-ին' 28 հազար 656, 2015թ-ին' 28 հազար 555, 2016թ-ին' 29 հազար 448, 2017թ-ին 30 հազար 131:
Միայն 2017թ. ընթացքում առաջին անգամ թմրամիջոցներ օգտագործողների թիվը կազմել է 2 հազար 115, 2016թ-ին' 2 հազար 142, 2015թ-ին 2 հազար 017 մարդ:
Ադրբեջանում թմրամոլությունն ամենաշատը տարածված է 25-ից 45 տարեկանների շրջանում:
2017թ. այդ երկրում խստացվել են թմրանյութեր աճեցնելու, պատրաստելու և օգտագործելու համար սահմանված տուգանքներն ու ազատազրկման պատիժները:
Օրենսդրական խստացումները կատարվել են այն պատճառով, որ Ադրբեջանում թմրամոլության մակարդակը գնալով աճում է, և դրա կանխարգելման ճանապարհներից են համարվում խիստ պատժամիջոցները:
Ադրբեջանի թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի տվյալներով՝ Ադրբեջանում տարեկան շրջանառվում է 1 տոննայից ավելի թմրանյութ:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում թմրանյութեր օգտագործող աշակերտների թիվն անցնում է ընդհանուրի 30 տոկոսը: Ադրբեջանում դա զրպարտանք համարեցին: Սակայն, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան սոցցանցերում գրել էր, թե «մեր ուսումնասիրություններըցույց տվեցին, որ դա իրականությունն արտահայտող տեղեկատվություն էր»: