Ադրբեջանի դատափորձագիտական կենտրոնը հրապարակել է այդ երկրում թմրամոլների պաշտոնական թիվը, որում նշվում է, որ անչափահաս թմրամոլների թիվն այդ երկրում, նախորդ տարիների համեմատ, զգալիորեն աճել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նշվում է, որ 2014 թվականի դրությամբ Ադրբեջանում պաշտոնապես գրանցված 28 հազար 376 թմրամոլներ կան, որոնցից 1344-ը (4,74 տոկոսը) 15-17 տարեկան անչափահասներ են:

 

Ադրբեջանի դատափորձագիտական կենտրոնը անչափահաս թմրամոլների մեծ թիվը, որոնց մեծ մասը թունամոլներ են, Ադրբեջանի համար խիստ անհանգստացնող է անվանել:

 

Ադրբեջանում 2014 թվականին պաշտոնապես գրանցված 130 թունամոլ անչափահասներ կան: Թմրամոլների 1,9 տոկոսը կանայք են, 13,72 տոկոսը կազմում են 18-24 տարիքային խումբը, 14,61 տոկոսը' 25-29 տարիքային խումբը, 12,03 տոկոսը' 30-34 տարիքային խումբը, 10,25 տոկոսը' 10-44 տարիքային խումբը, 8,93 տոկոսը' 45-49 տարիքային խումբը, 7,85 տոկոսը' 50-54 տարիքային խումբը, 7,09 տոկոսը' 55-59 տարիքային խումբը, 7,09 տոկոսը' 65 եւ ավելի տարիքային խումբը: