ՀՀ կառավարության և իրավապաշտպանների կողմից հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից մին օրս շուրջ 50 դիմում է ներկայացվել կամ պատրաստվում է ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ միայն իր և Արտակ Զեյնալյանի կողմից 29 ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել։
«Փաստացի ներկայացված գործերով՝ նրանց թիվը գերազանցում է 60-ը, իսկ որոշ տվյալներով, որոնք դեռ ստուգվում են, գերիների թիվը գերազանցում է 100–ը։ Այժմ ապացույցներ ենք հավաքում՝ անձանց նույնականացնելու և գերության փաստը հաստատելու համար»,- նշեց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է զինադադարից հետո գերեվարվածների թվին, ապա Սահակյանը նշեց, որ դեռևս ամբողջական տվյալներ չունեն, քանի որ գերի ընկնելու ժամակահատվածը ևս հստակեցված չէ․ «Կան դեպքեր, որոնք գուցե է՝ ավելի վաղ են եղել, սակայն դրանց վերաբերյալ տեսանյութերն ուշ են ի հայտ եկել։ Դեռևս ամբողջական վերլուծված չէ, թե կոնկրետ որ ժամանակահատվածում են մեր քաղաքացիները գերեվարվել»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական դատարանը արդեն իսկ մի շարք գործերով բավարարել է հայկական կողմի դիմումները և որոշել հրատապ միջոցներ կիրառել։